Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նախագահ Բակո Սահակյանը:
«Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ, տոն, որը թանկ ու հիշարժան է համայն հայության համար», - Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ մասնավորապես ասված է ուղերձում:
«Հայ ժողովուրդն անցել է բարդ ու դժվարին ճանապարհ՝ կերտելով իր ազատ, անկախ պետականությունը, դիմակայել է բազում փորձությունների, ունեցել անդառնալի կորուստներ, կրել անասելի զրկանքներ: Սակայն միշտ հավատացել է իր պայքարի հաղթանակին, հավատացել է երազանքների հաղթանակին, որ փայփայել է դարեր շարունակ», - գրել է Բակո Սահակյանը:
«Հայաստանի Հանրապետության զարգացումն ու զորացումը բոլոր հայերի խնդիրն է, որի լուծման համար անհրաժեշտ է լինել էլ ավելի համախմբված ու միասնական, օգտագործել յուրաքանչյուրի ներուժն ու հնարավորությունները, գիտելիքներն ու կարողությունները: Բոլորիս պարտքն է՝ մեր ավանդը ներդնել հայրենիքի և հարազատ ժողովրդի պայծառ ու հուսալի ապագայի կերտման գործում», - Փաշինյանին գրել է Սահակյանը՝
«Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մեր ողջ ժողովրդին՝ նվիրական տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, բարօրություն, մեծագույն հաջողություններ նոր հաղթանակների կերտման ճանապարհին», - ասված է Արցախի նախագահի շնորհավորական ուղերձում: