Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահը շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի վարչապետին և նախագահին


Ռուսաստանի նախագահը Կրեմլում ընդունում է Հայաստանի վարչապետին, Մոսկվա, 8-ը սեպտեմբերի, 2018թ․
Ռուսաստանի նախագահը Կրեմլում ընդունում է Հայաստանի վարչապետին, Մոսկվա, 8-ը սեպտեմբերի, 2018թ․

Հայաստանի Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է. - «Հարգելի Նիկոլ Վովայի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Մեր երկրների միջև հարաբերությունները հիմնվում են բարեկամության բարի ավանդույթների, փոխադարձ հարգանքի և հոգևոր մտերմության վրա»:

«Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք ապահովել դաշնակցային կապերի հետագա զարգացումը, երկկողմ հիմքի վրա բազմակողմ համագործակցությունը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների շրջանակում գործընկերային փոխգործակցությունը: Դա, անկասկած, համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների շահերին և համահունչ է տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմանը», - գրել է Պուտինը՝ ամփոփելով․ - «Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, ամուր առողջություն և հաջողություններ, իսկ Ձեր բոլոր հայրենակիցներին՝ բարեկեցություն և բարգավաճում»:

Ռուսաստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին:

«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Գոհունակությամբ արձանագրում եմ մեր երկու երկրների հարաբերությունների բարեկամական, դաշնակցային բնույթը, առևտրատնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար և մյուս ոլորտներում երկկողմ համագործակցության բարձր մակարդակը: Համոզված եմ, որ ռուս-հայկական գործընկերային կապերի ողջ համալիրի ընդլայնումը համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին և ընթանում է տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման հունով», - Հայաստանի նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ ասված է ուղերձում:

«Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի քաղաքացիներին՝ խաղաղություն ու բարօրություն», - Արմեն Սարգսյանին գրել է Վլադիմիր Պուտինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG