Րաֆֆի Հովհաննիսյանը և «Ժառանգության» նախագահ Արմեն Մարտիրոսյանը վստահություն հայտնեցին, որ գալիք կիրակի կայանալիք քվեարկությանը կուսակցությունը ստանալու այնքան ձայն, որ կարողանա պատկառելի ներկայություն ունենալ մայրաքաղաքի ապագա ավագանում:
«Մենք պիտի շարունակենք մեր պայքարը ոչ թե «Ժառանգության» հաղթանակի համար, «Ժառանգությունը» հաջողելու է անկասկած, այլ՝ մեր երկրի առաջընթացի, որպեսզի մենք շարունակենք տեսնել այն օրը, այս հեղափոխության շարունակությունը, ավարտը, ամբողջականությունը, և ոչ թե ճշմարտությունը ձերն է կամ իմն է: Այն պատկանում է բոլորին, և ունենում ենք իրավական, օրենքի, ժողովրդավարական Հայաստան, որը պատկանում է յուրաքանչյուր քաղաքացուն», - հայտարարեց Հովհաննիսյանը:
Շարունակելով թեման՝ Արմեն Մարտիրոսյանն ասաց, թե ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից «Ժառանգությունը» միակ կուսակցությունն է, որն ունի ազնիվ, անթերի, անբիծ կենսագրություն, անցած ճանապարհ, և հենց այդ առումով էլ երևանցիները կկատարեն ճիշտ ընտրություն ու իրենց քվեն կտան «Ժառանգությանը»․ - «Այս ընտրապայքարում չկա մի կուսացկություն, որ «Ժառանգության» ազնիվ, շիտակ, ճշմարիտ հետագիծը ունենա: Չկա որևէ կուսակցություն, որ այսքան տարիների կուսակցությունը լինի և առաջին օրվանից մինչև այս փոփոխությունները, նաև հիմա՝ մենք հիմա էլ ենք պայքարում, որպեսզի մեր մոտ այդ փոփոխությունները արդեն ինստիտուտների ձևով կայանան, և երբեք այլևս կարիքը չլինի փողոցներ փակել: Եվ մենք որևէ պայքարից երբևիցե չհրաժարվեցինք»: