Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 23-ին կայանալիք արտահերթ ընտրություններին կհետևեն ավելի քան 500 դիտորդներ՝ տեղական 8 կազմակերպություններից: Այդ կազմակերպություններից մի քանիսը, որոնք դիտորդական լուրջ փորձառություն ունեն, միավորվել են 2 նախաձեռնություններում՝ «Անկախ դիրտոդ» և «Ականատես»։
«Անկախ դիտորդ» նախաձեռնությունը ներկայացնող իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ գործընկերների հետ պայմանավորվել են այնպես աշխատել, որ կարողանան ծածկել երևանի 575 ընտրատեղամասերի մեծ մասը, աշխատելով մոտ 320 դիտորդներով։
160 դիտորդներով աշխատող «Ականտես» նախաձեռնության ներկայացուցիչ Ալեքսեյ Պետրոսյանը հավելում է՝ ինչպես նախորդ ընտրություններին, այս անգամ ևս դիտորդներին լավ նախապատրաստել են, ընտրել քաղաքական կուսակցություններում չներգրավված անկախ մարդկանց։ «Երաշխավորելով, որ առաջին հերթին, դիտորդները լինելու են անկողմնակալ և անաչառ: Այսինքն՝ մենք փորձում ենք մաքսիմալ կերպով բացառել հնարավոր կապը կուսակցությունների հետ»,- ասաց Պետրոսյանը:
Նախորդ խորհրդարանական ընտրություններից, նաև սահմանադրական հանրաքվեից հետո բավական կոշտ գնահատականներ հնչեցրած՝ «Անկախ դիտորդի» և «Թրանսփարենսի ինթերնեյշնլի» ներկայացուցիչների խոսքով՝ հեղափոխությունից հետո ակնկալում են նոր որակի ընտրություններ, երբ իրավապահների նպատակը ոչ թե կեղծիքները կոծկելը, այլ դրանք բացահայտելն է լինելու։
«Մինչև հիմա բոլոր ընտրությունների ժամանակ ակնհայտ էր, որ մթնոլորտը բոլորովին այլ էր: Այն ժամանակ ոչ միայն ահազանգեր էինք ստանում, այլև կար ճնշված մթնոլորտ, ընտրական պրոցեսում ընդգրկված էին բոլոր պետական մարմինները՝ դպրոցներ, մանկապարտեզներ, ոստիկանություն: Ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար մենք, բացի մեր դիտորդներից, գործընկեր, ըստ էության, չունեինք»,- ասաց Արթուր Սաքունցը:
Նրա խոսքով՝ ընտրության ընթացքը հետևելուց բացի, կունենան նաև շրջիկ խմբեր, նաև կտրամադրեն իրավաբանական խորհրդատվություն դրա կարիքն ունեցողներին։ «Վարչական ռեսուրսների չարաշահման մասին ահազանգեր չունենք: Բացառությամբ ԶԼՄ-ների կողմից երկու քրեական գործի հարուցման մասին հաղորդումների, չունենք նաև ընտրակաշառքների վերաբերյալ ահազանգեր»,- նշեց իրավապաշտպանը:
«Ականատես» նախաձեռնությունը ներկայացնող «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության ընտրական ծրագրի համակարգող Ալեքսեյ Պետրոսյանի խոսքով՝ «Ականատեսը» ևս ընտրախատումների կամ բաժանվող ընտրակաշառքի մասին ահազանգեր դեռ չի ստացել: Հասցրել են նախապատաստել 160 դիտոդների, դիտարկելու են 80 տեղմաս։ «Սպասում ենք լավին, բայց պատրաստվում ենք վատին, հիմնականում դա է»,- «Ազատությանն» հետ զրույցում պատկերավորեց Պետրոսյանը: