Մատչելիության հղումներ

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռ/կ-ը ողջունում է իր Ուկրաինայի թղթակցի հարցով ՄԻԵԴ-ի որոշումը


«Ազատության» ուկրաինական ծառայության հետաքննող լրագրող Նատալյա Սեդլեցկա, արխիվ
«Ազատության» ուկրաինական ծառայության հետաքննող լրագրող Նատալյա Սեդլեցկա, արխիվ

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը ողջունում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումը, որն ուկրաինական իշխանություններին պարտավորեցնում է հրաժարվել «Ազատության» ուկրաինական ծառայության հետաքննող լրագրող Նատալյա Սեդլեցկայի հեռախոսազրույցները լսելու մտադրությունից:

«Որոշումը վերաբերում է ոչ միայն Նատալյային և «Ազատություն» ռադիոկայանին: Խոսքը լրագրողների՝ աղբյուրի գաղտնիության պաշտպանության իրավունքի մասին է, ինչպես նաև հանրության` առանց գրաքննության տեղեկատվություն ստանալու իրավունքի մասին», - հայտարարել է լրատվամիջոցի նախագահ Թոմաս Քենթը:

Կիևի դատարանը, հիշեցնենք, շաբաթներ առաջ որոշում էր կայացրել, որն իշխանություններին թույլ է տալիս ստուգել Ուկրաինայի թերևս ամենահայտնի հետաքննող լրագրողի բջջային հեռախոսի մոտ մեկուկես տարվա տվյալները:

Կիևի Պեչերսկի շրջանի դատարանն այդ վճիռը կայացրել է Հակակոռուպցիոն ազգային գործակալության տնօրեն Արտյոմ Սիտնիկի կողմից 2017 թվականին լրագրողներին պետական գաղտնիք փոխանցելու մեղադրանքով հարուցված քրեական գործի շրջանակներում:

Նատալյա Սեդլեցկան «Ազատ Եվրոպա Ազատություն ռադիոկայան»-ի «Սխեմաներ» կոչվող հեռուստածրագրի խմբագիրն ու հաղորդավարն է:

Արդեն մի քանի տարի շարունակվող հաղորդաշարի շրջանակներում «Ազատության» ուկրաինական ծառայության լրագրողական թիմը բացահայտել է երկրի իշխող և քաղաքական վերնախավի, այդ թվում՝ Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյի ունեցվածքը, մութ գործարքներն, ապօրինի եկամուտները:

«Եվրադատարանի որոշումը հստակ ազդակ է, որ լրագրողներին հետապնդելը և նրանց աշխատանքին միջամտելը որևէ ընդհանրություն չունեն Ուկրաինայի միջազգային պարտավորությունների հետ՝ ազատ մամուլի պաշտպանության հարցում, որն ուկրաինական կառավարությունը իբր պաշտպանում է», - հավելել է Թոմաս Քենթը:

Հետաքննող լրագրողի հեռախոսային տվյալները ստուգելու թույլտվության մասին ուկրաինական դատարանի որոշումը դատապարտել են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային իրավապաշտպան և լրագրողական կառույցները, այդ թվում՝ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը, Լրագրողների պաշտպանության կոմիտեն, Եվրոպական հանձնաժողովը, ԵԽԽՎ-ն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG