Մատչելիության հղումներ

Իրականացվում է երիտասարդների յուրօրինակ նախաձեռնությունը


Մարտիրոս Սարյանի անվան պուրակում այսօր մի ուշագրավ իրադարձություն տեղի ունեցավ: Մշակույթի նախարարության և POOSH նախագծի համագործակցության շնորհիվ պուրակում տեղադրվեց մի դաշնամուր, որը կարող է ցանկացած մարդ նվագել:

Ուշագրավ է, որ այս նախաձեռնութունը նպատակ ունի մեկտեղել երաժիշտներին, նկարիչներին և առհասարակ մեր բոլոր արվեստասեր համաքաղաքացիներին հենց Մարտիրոս Սարյանի պուրակում, որտեղ, ինչպես համոզված են նախաձեռնության հեղինակները, այսուհետ շատ հաճախ բարձրաճաշակ երաժշտություն կհնչի:

«Իմ նշանակումից մոտ տասը օր անց POOSH նախագծի հայտնի երիտասարդները և առաջարկեցին նախագիծ իրականացնել համատեղ ջանքերով, որի շրջանակներում դաշնամուրներ պետք է տեղադրենք հանրային վայրերում: Դա ոչ միայն հնարավորություն կտա էսթետիկ առումով վայելելու Երևանը մեկ այլ տեսանկյունից, այլև հնարավորություն կընձեռի այն մարդկանց, ովքեր կարողանում են նվագել և տրամադրություն ունեն նվագելու, ցանկացած պահի զբոսնելիս հնարավորություն ունենան դա կատարել», - ասաց Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

Այս մտահղացման հեղինակները ՝ «ԱՅԲ» դպրոցի աշակերտներ Արթուր Եփրեմյանն ու Բագրատ Սարգսյանը POOSH նախագծի հիմնադիրներն են: Արթուր Եփրեմյանը նշեց․ - «POOSH֊ը իրենցի ներկայացնում է մշակույթի, տեխնոլոգիաների համադրություն Երևանի փողոցներում: Մեր նպատակն է ևս վեց վայրերում տեղադրել դաշնամուրներ, որոնք հնարավորություն կտան Երևանում ապրող մարդկանց՝ տաղանդավոր նկարիչներին, երաժիշտներին, իրենց արվեստը ներկայացնել դաշնամուրների վրա»:

Ուշագրավ է, որ մտահաղացման հեղինակները դաշնամուրը ոչ միայն որպես երաժշտական գործիք են դիտարկել, այլև ասես մի յուրօրինակ կտավ, և առաջարկել են երիտասարդ նկարիչներից մեկին՝ Վահե Հակոբյանին դաշնամուրի վրա նոր աշխատանք ստեղծել, և երիտասարդ նկարիչը իր «Կարմիր» կոչվող շարքից մի աշխատանք փոխադրել է դաշնամուրի վրա:

Իր տեսակի մեջ առայժմ եզակի այս դաշնամուրը առաջինը նվագելու համար հրավիրվել էր մեր լավագույն երաժիշտներից Տիգրան Մանսուրյանը:

«Էնքան լավ, գեղեցիկ բան է: Այգում երիտասարդներ գալիս, չէ՞, երեկոները նստում են, երեխաներ նաև: Պատկերացրեք որևէ երիտասարդ իր ընկերուհու համար մի փոքրիկ մեղեդի նվագի․․․ Ի՜նչ հրաշք է, այգին ինչով է լցվում, ինչ կյանք է դառնում էս տարածքներում, մեր քաղաքում՝ սիրո, հավատարմության․․․ Եվ Մարտիրոս Սարյանի կողքը: Վարպետը, վստահ եմ, որ շատ ուրախ պիտի լիներ: Ինքը առհասարակ լույսի, գեղեցկության, մեր հոգևորի ջատագովն է եղել ամբողջ կյանքում», - ասաց Տիգրան Մանսուրյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG