«Ազատություն» - Երեկ «Յություբում» հայտնված տեսանյութում, գոնե ըստ վերնագրի, ձեր եղբայր Արմեն Սարգսյանն է՝ Սաշիկ Սարգսյանի որդու հետ: Արմեն Սարգսյանը քաղաքականությամբ չի զբաղվում, եթե չեմ սխալվում՝ աշխատում է պաշտպանության նախարարությունում: Կարո՞ղ ենք ասել, որ այս հրապարակման հասցեատերը դուք եք:
Արամ Սարգսյան- Կարծում եմ՝ այո: Եղբայրս ՊՆ-ում աշխատում է հասարակական հիմունքով, առանց աշխատավարձի: Համարում է, որ դա իր եղբոր ձևավորած կառույցն է, և կարծում եմ՝ ճիշտ է համարում: Սա միանշանակ ուղղված է ինձ: Գիտեք՝ էդ պահին ռեստորանում կարող էին շատ մարդիկ լինել: Ես կարղ եմ մի բան ասել՝ մարդու անձնական կյանքը գաղտնի նկարելն ու տարածելը քրեորեն պատժելի է: Չեմ էլ հետաքրքվում, թե ովքեր են դա արել:
«Ազատություն»- Ի՞նչ հարաբերություններ ունեն նրանք:
Արամ Սարգսյան- Զրոյական հարաբերություններ ունեն: Կարծում եմ՝ պատահաբար են սեղանի շուրջ հայտնվել: Չեմ ճշտել, դա համարել եմ անհեթեթ, անեական բան: Վստահ եմ, որ նրանց միջև շփում չկա: Քաղաքական որևէ բան այդտեղ լինել չի կարող: Եղբայրս քաղաքական դեմք չէ, քաղաքական պայմանավորվածություն այդ երկու մարդկանց միջև լինել չի կարող: Մնացածը․․․ հայ մարդիկ են, ռեստորանում են եղել, ինչ-որ պահի նույն սեղանի մոտ են եղել:
«Ազատություն»- Այս տեսանյութը հրապարակվում է Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթից օրեր անց, որում նա ասում էր, որ իր գործընկերներն իր թիկունքում հանրապետականների հետ բանակցում են այն հարցի շուրջ, թե ինչպես տապալել արտահերթ խորհրդարանական ընտրությունները:
Արամ Սարգսյան- Եթե դրանից ելնենք, ուրեմն Նիկոլ Փաշինյանը պայծառատես է, որ հինգ օր առաջ տեսել է, որ ասենք՝ իմ ու Էդմոն Մարուքյանի հրահանգով՝ իմ եղբայր Արմենը պետք է հանդիպի Սերժ Սարգսյանի եղբոր որդու հետ ու դավադրություն կազմակերպի:
«Ազատություն»- Դուք ձեր հայտնի ելույթում ասել եք՝ դուք էլ մտածեք, թե ոնց եք անելու արտահերթ ընտրությունների գնալիս․ սահմանադրական փոփոխությունների հարցը գալու է Ազգային ժողով, մարդիկ, որոնք ձեզ օգնել են, կարող են հիմա չօգնել: Այս առնչությամբ ՔՊ-ից արդեն կա արձագանք, ըստ որի՝ արտահերթ ընտրություններով Նիկոլ Փաշինյանին լավություն չեք անելու: Արդյո՞ք սա ձեր կողմից վերջնագիր կամ շանտաժ չէր՝ ձեզ խելոք պահեք, որ մենք էլ մեզ խորհրդարանում խելոք պահենք:
Արամ Սարգսյան- Այն, ինչը ես տեսնում ու ասում եմ, չեմ ասում խանգարելու համար, այլ ասում եմ օգնելու համար: Ինչքանով է իմ ասածը օգնում, վարչապետին հասնում կամ ՔՊ կուսակցության մնացած անդամներին, դա այլ հարց է: Ես արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցում ամենաջատագով մարդկանցից եմ, ինքս եմ ժամանակին պնդել, որ դա ուշացնել պետք չէ: Ես այն կարծիքին եմ, որ այսօր քաղաքական իրավիճակը պայթյունավտանգ է, որովհետև հասարակական տրամադրություններն ու քաղաքական ուժերը գտնվում են բացարձակ տարբեր բևեռներում: