«Ռուսալ Արմենալ» ընկերության հարկային վճարները կրճատվել են մոտ մեկ երրորդով:
Պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, ռուսաստանյան Русал ընկերությանը պատկանող «Ռուսալ Արմենալ» ընկերությունը այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի պետբյուջե է փոխանցել 667.6 միլիոն դրամ հարկ ու տուրք, ինչը 31.2 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (2017թ․ առաջին կիսամյակում «Ռուսալ Արմենալ»-ը վճարել էր 969.9 միլիոն դրամ):
Եթե 2017թ․ առաջին կիսամյակի ավարտին «Ռուսալ Արմենալ»-ը հայաստանյան առաջին հազար խոշոր հարկատուների ցանկում 64-րդն էր, ապա այս տարվա առաջին կիսամյակի վերջին արդեն 122-րդն էր:
Reuters-ի փոխանցմամբ, Ռուսաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցների հետևանքով Русал-ի հայաստանյան ձեռնարկությունը սկսել է կրճատել արտադրանքը: Reuters-ը մանրամասներ չի հայտնել՝ ընդգծելով, որ տեղեկությունը ստացել է երկու աղբյուրներից:
Այսօր «Ազատության» հետ զրույցում «Ռուսալ Արմենալ»-ից և Русал-ից չցանկացան մեկնաբանել ընկերության վճարած հարկերի կրճատումը և Reuters-ի հրապարակումը:
Интерфакс-ի երեկվա հրապարակաման համաձայն, ամերիկյան պատժամիջոցների հետևանքով «Ռուսալ Արմենալ»-ը ձեռնամուխ է եղել արտադրության ծավալների կրճատմանը, ինչի հետևանքով էլ 670 աշխատակից ունեցող ընկերությունը մինչև այս ամսա ավարտ հարկադիր արձակուրդի է ուղարկելու 184 աշխատակցի: Ըստ ռուսաստանյան լրատվական գործակալության, 2016թ․ «Ռուսալ Արմենալ»-ը արտադրել է 30 հազար տոննա ալյումինե նրբաթիթեղ, 2017թ․՝ 33.7 հազար տոնա, որի հիմնական մասն արտահանվում է Մացյալ Նահանգներ:
Ռուսաստանցի օլիգարխ Օլեգ Դերիպասկային պատկանող Русал ընկերությունը դեռևս 1940թ․ հիմնդրված Քանաքեռի ալյումինի գործարանը ձեռք բերեց 2000թ․, որի հիման վրա էլ ստեղծվեց «Ռուսալ Արմենալ»-ը: Ներկայում Русал-ը համարվում է ալյումինի արտադրության ոլորտում գործող աշխարհում երկրորդ խոշոր ընկերությունը:
Առնչվող թեմաներով
Ուղիղ հեռարձակում