Մատչելիության հղումներ

ԱԺ քննիչ հանձնաժողովը կքննարկի նաև Քոչարյանի գործով դատախազության պատշաճ հսկողության իրականացման հարցը


Խորհրդարանում ստեղծված Քննիչ հանձնաժողովը քննարկման առարկա կդարձնի նաև, թե արդյոք նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազությունը պատշաճ հսկողություն իրականացրե՞լ է, թե՞՝ ոչ:

Նշենք, որ այսօր տեղի ունեցավ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի, հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ, երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղված Քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը, որի ընթացքում որոշում կայացվեց հաջորդ չորեքշաբթի կայանալիք նիստում աշխատանքային նախագծեր ներկայացնել, մասնավորապես այն մասին, թե Քննիչ հանձնաժողովն ինչպիսի փաստաթղթեր է պահանջելու պետական տարբեր մարմիններից, ո՞ր պաշտոնյաններին, կամ փոխկապակցված անձանց են հրավիրելու հանձնաժողով։

Նկատենք, նման քննիչ հանձնաժողով, որն օժտված է բավական լայն լիազորություններով, առաջին անգամ է ստեղծվել՝ Հանրապետականների նախաձեռնությամբ, առիթն՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ ղեկավարի միջև տեղի ունեցած խոսակցության գաղտնալսված ձայնագրության հրապարակումն էր:

Ուշագրավ է, որ նիստից հետո հանձնաժողովի անդամ, Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը շեշտեց, թե քանի որ հայտնի ձայնագրության հետ կապված կոնկրետ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մասին քրեական գործ հարուցված չէ, ապա դա թույլ է տալիս, որպեսզի խորհրդարանում ստեղծված Քննիչ հանձնաժողովը մանրամասն անդրադառնա այդ խնդրին:

«Մենք ունենք հատուկ նորմ Քրեական օրենսգրքում՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելը, Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածն է, իսկ այդ փաստի կապակցությամբ քրեական գործ հարուցված չէ։ Հետևաբար այդ շրջանակներում հանձնաժողովն իրավասու է ամբողջությամբ քննություն իրականացնել։ Բայց այստեղ չափազանց կարևոր է մեզ համար, որ և՛ հեռախոսային խոսակցությունների գաղտնիության, և՛ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու փաստերը կապված են կոնկրետ քրեական գործերի նախաքննության ընթացքի հետ, կամ կալանավորման միջնորդությունների օրինականության հետ», - ասաց Կոստանյանը՝ շարունակելով. - «Մեզ նաև մտահոգում է, որ քանի որ ՀՀ Սահմանադրությամբ նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացվում է դատախազության կողմից, այսինքն՝ դատախազությունն այն սահմանադրական մարմինն է, որի հիմնական առաքելությունն, ի թիվս այլ հանգամանքների, հանդիսանում է հետաքննության և նախաքննության օրինականության երաշխավորումը, մենք պետք է նաև քննարկման առարկա դարձնենք արդյո՞ք տվյալ գործի շրջանակներում, տվյալ դատավարական գործողությունների շրջանակներում, և ընդհանրապես, իրականացվո՞ւմ է պատշաճ հսկողություն օրինականության կատարման նկատմամբ։ Այսինքն՝ հսկողություն եղե՞լ է, թե՞՝ չի եղել, կամ պատշա՞ճ է եղել, թե՞՝ ոչ։ Կարծում եմ սա ցանկացածիս պետք է մտահոգի այն առումով, որ ամենահիմնավորված լինելու պայմաններում գործի, եթե օրինականությունը պատշաճ երաշխավորված չէ, դա քննության որևէ փուլում՝ կա՛մ ներպետական ատյաններում, կա՛մ հնարավոր է նաև միջազգային իրավական արտյանների որոշումների արդյունքում հանգեցնի արդարացումների, ինչը ես կարծում եմ, որ բոլորիս համար շատ մտահոգիչ է»։

Նշենք, որ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն Քննիչ հանձնաժողովը կարող է գրավոր դիմել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին և պաշտոնատար անձանց՝ պահանջելով իր իրավասության ոլորտին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ, հանձնաժողով հրավիրել իրավասու պաշտոնատար անձանց, ինչպես նաև այն անձանց, որոնք ներկայացրել են հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ:

Ավելին՝ խորհրդարանի Քննիչ հանձնաժողովը կարող է ստանալ պետական, ծառայողական, առևտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկություններ, այդ թվում՝ նախաքննական գաղտնիք պարունակող:

Սա նշանակում է, որ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնագրված ձայնագրության քննարկման շրջանակում հանձնաժողովը կարող է հրավիրել բազմաթիվ պաշտոնյաների, ստանալ կարևոր փաստաթղթեր:

Ի դեպ պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյո՞ք կարող է արձանագրել, որ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու երևույթը նոր չէ, և առկա է եղել նաև իր գլխավոր դատախազ եղած ժամանակաշրջանում, Գևորգ Կոստանյանն ասաց, թե ինքն իրեն նման շռայլություն թույլ տալ չի կարող։

«Դուք կարող եք որպես լրագրող նման հետևության գալ, բայց ես չեմ կարող ինձ շռայլություն թույլ տալ իմ մասնագիտության փաստով պայմանավորված նման գնահատականներ տամ առանց փաստերի։ Եթե կան նման դեպքեր, ապա դրանք պետք է պատժվեն, եթե նման դեպք երբևէ կա և եղել է... ես չեմ բացառում, բայց վստահ եմ, որ դա պետք է լինի փաստարկված և հիմնավորված», - ասաց Կոստանյանը։

Նկատենք՝ թեև խորհրդարանական «Ելք» խմբակցությունը դեմ էր Քննիչ հանձնաժողով ստեղծելու Հանրապետականների առաջարկին, սակայն, այսօր բոլոր խմբակցությունները, այդ թվում՝ «Ելք»-ի ներկայացուցիչը մասնակցում էին նիստին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG