«Ուզում եմ տեղեկացնել, որ առաջնագծում վիճակը բավականին լարված է, բայց կայուն կարելի է համարել այդ իրավիճակը և վերահսկելի: Հայաստանի զինված ուժերը և Պաշտպանության բանակը վստահորեն վերահսկում են իրավիճակը», - ասել է վարչապետը՝ շարունակելով․ - «Արցախի նախագահի հետ, նաև զինված ուժերի ներկայացուցիչների հետ քննարկեցինք Ղարաբաղի հարցի շուրջ ստեղծված ընթացիկ վիճակը, քննարկեցինք մեր դիրքորոշումները այդ հարցի կապակցությամբ: Նաև ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ քննարկումներ ունեցանք և հստակ արձանագրեցինք, որ չկա որևէ կասկած, որ մեր զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրավիճակը, և անհրաժեշտ պատասխան են տալիս Ադրբեջանի զինված ուժերի սադրանքներին․․․ Մենք պատրաստ ենք խաղաղության, իրապես խաղաղ բանակցությունների, բայց մենք պատրաստ ենք նաև պատերազմի: Սա շատ կարևոր արձանագրում է, և կարծում եմ, որ այս արձանագրումը պետք է բոլորին հստակ լինի Հայաստանում և նրա սահմաններից, դուրս»:
Վարչապետը անհրաժեշտ է համարել անդրադառնալ նաև Կառավարությունում քննարկվող Հարկային օրենսգքի փոփոխություններին․ - «Կարծես թե, մենք մի շատ լավ որոշման ենք հանգում անհատ տաքսիների վարորդների համար: Մենք շատ մոտ ենք մի որոշման, որ Հայաստանի Հանրապետության տարածքում և բնականաբար նաև Երևանում, կարծես թե, անհատ տաքսիների վարորդներին կազատենք բոլոր հարկերից: Սա, կարծում եմ, շատ կարևոր որոշում է, որովհետև այն ունի նաև սոցիալական նշանակություն: Որովհետև մեր դիտարկումները ցույց են տալիս, որ բազմաթիվ մարդիկ, ովքեր աշխատանք ունեն, իրենց ընտանիքների սոցիլական հարցերը հոգում են տաքսի վարելու միջոցով»: