Այս մասին մի քանի ժամ առաջ Մոսկվայում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա նաև կոչ է արել այս միջադեպը չհամեմատել 2015-ի նոյեմբերին Թուրքիայի կողմից ռուսական CУ-25 ինքնաթիռի խոցման հետ. - «Այս ամենն ավելի նման է ողբերգական պատահականությունների մի շղթայի քանի որ իսրայելական օդանավը ռուսական օդանավը չի խոցել»:
Վլադիմիր Պուտինի խոսքով, առաջիկայում ռուսական կողմը կհետաքննի միջադեպի պատճառները: Միաժամանակ Ռուսաստանի նախագահը նշում էր, որ համաձայն է Պաշտպանության նախարարության այսօրվա հայտարարության կոշտ տոնայնությանը:
«Մեր վերաբերմունքը այդ ողբերգությանը արտահայտված է Ռւսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, որի տեքստն ինձ հետ ամբողջությամբ համաձայնեցված է: Ինչ վերաբերում է պատասխան քայլերին, ապա դրանք նախ և առաջ ուղղված են լինելու Սիրիայի Արաբական Հանրապետությունում գտնվող մեր զինծառայողների և ռազմական օբյեկտների անվտանգության ապահովմանը: Դրանք այնպիսի քայլեր են լինելու, որոնք կնկատեն բոլորը», - հայտարարել է Վլադիմիր Պուտինը:
Պաշտոնական Երուսաղեմը առայժմ կատարվածի առթիվ որևէ հստակ մեկնաբանությամբ հանդես չի եկել: Միջադեպի առթիվ կարճ պարզաբանմամբ է հանդես եկել Իսրայելի պաշտպանության նախարարությունը: Երկրի ռազմական գերատեսչությունը պնդում է, որ ռուսական Ил-20-ի կործանման պահին Լաթաքիայի շրջանում հատուկ գործողություն իրականացնող F-16 կործանիչներն արդեն գտնվում էին Իսրայելի օդային տարածքում:
Իսրայելական կողմը նաև որոշ մանրամասներ է հաղորդել Սիրիայի միջերկրածովյան ափին իրականացված այդ գործողության մասին: Իսրայելական աղբյուրների համաձայն, կործանիչների թիրախը Լաթաքիայում գտնվող զինագործական արտադրամասերից մեկն էր, որտեղ թողարկված սպառազինությունը անցած գիշեր նախատեսվում էր փոխանցել «Հեզբոլա» շարժմանը, որի գլխավոր քաղաքական հովանավորը Իրանի Իսլամական Հանրապետությունն է: