Մատչելիության հղումներ

Իրավապահներն առայժմ չեն բացահայտում՝ ո՞ր ուժի օգտին է ընտրակաշառք առաջարկելու փորձ եղել


Գլխավոր դատախազությունը երեկ երեկոյան հաղորդեց Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին վերաբերող առաջին քրեական գործի մասին։ Մանրամասնեցին, որ գործը հարուցվել է ընտրակաշառք առաջարկելու դեպքով։ Սեպտեմբերի 14֊ին Երևանի Նազարբեկյան փողոցի մի բնակիչ դիմել է ոստիկանություն, տեղեկացնելով, որ իրեն ընտրակաշառք են առաջարկել։ Ստուգել են և պարզել, որ հաղորդում տված քաղաքացուն են մոտեցել երկու կին, տեղեկացել են, որ մասնակցելու է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին, և քաղաքական ուժերից մեկի օգտին քվեարկելու համար առաջարկել են 60 հազար դրամ, կամ դրանից բարձր կենսաթոշակ ստանալու դեպքում՝ մեկ ամսվա թոշակի չափով գումար: Քաղաքացուց մերժում ստանալուց հետո կանայք անմիջապես հեռացել են:

Իրավապահները դեռևս փակագծեր չեն բացում՝ քաղաքապետի ընտրություններին մասնակցող ո՞ր ուժի օգտին են կաշառք առաջարկողները կոչ արել քվեարկել։

Դատախազությունը միայն հաղորդում է, որ քրեական գործի նախաքննությունը կիրականացնի Հատուկ քննչական ծառայությանը, իսկ ոստիկանությունը օպերատիվ հետախուզական միջոցառումներ կձեռնարկի հանցագործությունը կատարած անձանց պարզելու, նաև առաջիկա ընտրությունների ընթացքում ընտրակաշառք տալու կամ ստանալու հնարավոր այլ դեպքերը բացահայտելու համար։

ՀՔԾ֊ից փոխանցեցին, որ իրենց ուղարկված քրեական գործը դեռևս չեն ստացել։

Երեկ «Քաղաքացիական պայմանագրի» անդամ, Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը հայտարարել էր, թե իրենք էլ ունեն ընտրակաշառք բաժանելու մասին տեղեկություններ, որոնք փոխանցել են իրավապահներին։ Թե որ ուժին կամ ուժերին են վերաբերել ահազանգերը՝ Նազարյանը չէր հստակեցրել։ Այսօր «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանը նույնպես անուններ չտվեց։ ֊ «Ահազանգեր անընդհատ լինում են, դրանով զբաղվում են իրավապահ մարմինները, հետո արդեն փաստերով կխոսենք», ֊ հայտարարեց Մարությանը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը «Անկախ դիտորդ» դաշինքի կազմում նաև ավագանու ընտրություններում է դիտորդական առաքելություն իրականացնում։ Երկարաժամկետ դիտարկումը արդեն սկսել են, կարճաժամկետ դիտարկում կլինի բուն ընտրությունների օրը։ Կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ իրենք ևս ընտրակաշառքի բաժանման ահազանգեր ստացել են, բայց դեռևս որևէ դեպք չեն բացահայտել:

«Ընտրակաշառքի մասով բոլոր ահազանգերը, որ ստացել ենք, միայն «Բարգավաճ Հայաստանին» են վերաբերում, մենք դրանք թե՛ փոխանցում ենք ոստիկանությանը, թե՛ փորձում ենք նաև ինքնուրույն հետաքննել: Բայց ես ուզում եմ ընդգծել, որ դեռևս որևէ բացահայտված կամ ապացուցված դեպք չունենք: Ընտրակաշառք բացահայտելը հեշտ գործ չէ, և այն, որ մենք չենք բացահայտում, չի նշանակում, որ չկա: Միաժամանակ նաև չի նշանակում, որ կա»,- «Ազատությանն» ասաց Իոաննիսյանը:

ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն այսօր ասաց՝ հորդորում է ոստիկանապետ Վալերի Օսիպյանին գնալ բոլոր ահազանգերի հետևից։ Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ իրենք քննարկում են «Բարգավաճ Հայաստանին» զրպարտողներին պատասխանատվության կանչելու հարցը։ Հավելեց՝ խոսքը նաև սոցցանցերի այն օգտատերերի մասին է, ովքեր պաշտոնապես հայտարարում են, թե ԲՀԿ֊ն ընտրակաշառք է բաժանում։ ֊ «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ չեք կարող որևէ դեպք գտնել, որը կապացուցի, որ «Բարգավաճ Հայաստանը» բաժանում է ընտրակաշառք: Դիմում եմ նորից ոստիկանությանը, դիմում եմ իմ հարգարժան գործընկեր Դանիել Իոաննիսյանին՝ մի տարածեք ապատեղեկատվություն, խոսեք կոնկրետ փաստերով»:

Ընտրողին կաշառք տալու կամ որևէ այլ առավելություն առաջարկելու համար Քրեական օրենսգիրքը սահմանել է պատիժ՝ 250֊300 հազար դրամի չափով, կալանք՝ 2֊3 ամիս ժամկետով կամ ազատազրկում՝ 3֊5 տարի ժամկետով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG