Մատչելիության հղումներ

Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում կբացվի «Արմենիա» ցուցահանդեսը


Սեպտեմբերի 23-ին աշխարհի խոշորագույն թանգարաններից մեկում՝ Նյու Յորքի հանրահայտ Մետրոպոլիտեն թանգարանում կներկայացվի «Արմենիա» խորագրով ծավալուն ցուցահանդեսը, որը, ինչպես այսօր հրավիրած ասուլիսին ընդգծեց Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ներկայացնելու է հայկական արվեստի ու մշակույթի լավագույն նմուշները սկսած 4-րդ դարից մինչև 17-րդ դար:

«Ցուցադրությունը նվիրված է հայ ժողովրդի գեղարվեստական և մշակութային ձեռքբերումներին համաշխարհային համատեքստում: Ցուցադրության ներկայացված են լինելու թվով 140 նմուշներ, որոնցից մեծ մասը ներկայացվել են Հայաստանի Հանրապետության կողմից: Մասնավորապես, Հայաստանի պատմության թանգարանից՝ 34 նմուշ, Էջմիածնի Մայր աթոռի թանգարաններից՝ 20 նմուշ և Մատենադարանից՝ 28 նմուշ»:

Ուշագրավ է, որ ցուցահանդեսի կազմակերպման գործին, նախարարի փոխանցմամբ, իրենց որոշակի ներդրումն են ունեցել սփյուռքում գործող մի շարք կառույցներ․ - «Մասնավորապես, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը Լիբանանից, Սուրբ Հակոբեանց եկեղեցու եղբայրությունը Երուսաղեմից, Մխիթարյան միաբանությունը Վենետիկից, Գալուստ Գյուլբենկյան թանգարանը Լիսաբոնից, Ամերիկայի Միացյալ Նահանգների արևելյան թեմը Նյու Յորքից, Ամերիկայի հայկական թանգարանը Բոստոնից, ինչպես նաև Ալեքս և Մարի Մանուկյան թանգարանի հավաքածուները Միչիգանից»:

Ցուցահանդեսի համադրողը բյուզանդագետ Հելեն Էվանսն է, որն աշխատել է նաև Մատենադարանում:

Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը նշեց, որ մինչև ցուցահանդեսի բացումը թանգարանը հրատարակելու կատալոգ, որի հեղինակը ցուցահանդեսի համադրող Հելեն Էվանսն է․ - «Ամբողջ հայեցակարգը ցուցահանդեսի այնպիսին է, որ ցույց է տալիս, որ իր ամբողջ ինքնատիպությամբ, իր ամբողջ յուրահատկությամբ հանդերձ, հայկական մշակույթը երբեք մեկուսացած չի եղել աշխարհից, այլ գտնվել է մշտական կապերի մեջ, առաջին հերթին համաքրիստոնեական միջավայրի մեջ, առաջին հերթին Բյուզանդիայի հետ: Բայց եթե ուսումնասիրում եք հայկական մանրանկարչությունը, դրա տարբեր յուրահատկությունները, տեսնում եք նաև ոչ միայն զուտ քրիստոնեական կապեր, այլև տարբեր մերձավորարևելյան մշակույթների հետ կապեր, մինչև անգամ Չինաստանից եկող ինչ-ինչ մոտիվներ, նրբերանգներ: Այսպիսի տեսանկյունով է կազմված և՛ ցուցահանդեսը, և՛ այդ կատալոգը, որը, կարծում եմ, հենց բացման օրը կներկայացվի հանրությանը»:

Ասուլիսին ներկա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանն ասաց․ - «Ներկայացված ցուցահանդեսը ոչ միայն մշակութային նշանակություն ունի, այլև քաղաքական, և հավասարազոր է Լուվրում 2007 թվականին տեղի ունեցած ցուցահանդեսին: Մենք մեծ ակնկալիքներ ունենք այս ցուցահանդեսից նախ Հայաստանի պատշաճ ներկայացման առումով, և հետո՝ զբոսաշրջային առումով: Եվ ահա այս ամենը ի նկատի ունենալով է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Վեհափառ հայրապետի օրհնությամբ ընդառաջ գնաց և տրամադրեց այնպիսի բացառիկ մասունքներ, մասանց պահարաններ, որոնք ներկայացված են եղել մինչ օրս աշխարհի խոշորագույն թանգարաններում՝ Լուվրում, Վատիկանում, Պետական Էրմիտաժում, Մոսկվայի Կրեմլում: Մեզ համար ուրախալի է, որ աշխարհը այդ թանգարանում հաղորդ է դառնալու մեր մշակութային այնպիսի գանձերի, որոնք կերտվել են հոգևոր Հայաստանում, մեր վանքերում, մեր եկեղեցիներում»:

Ցուցահանդեսի բացմանը ներկա գտնվեն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը և այլք: Մինչև սեպտեմբերի 25-ը ցուցահանդես կայցելի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG