Մատչելիության հղումներ

Կոնաշենկով. Ռուսաստանը կարող է համարժեք քայլեր ձեռնարկել Իսրայելի դեմ


Ռուսական Իլ-20 հետախուզական օդանավը, արխիվ
Ռուսական Իլ-20 հետախուզական օդանավը, արխիվ

Ռուսաստանի ռազմաօդային ուժերի կազմում գործող հետախուզական Իլ-20 ինքնաթիռի` անցած գիշեր տեղի ունեցած կործանման ողջ պատասխանատվությունը կրում են իսրայելցի զինվորականները: Այսօր կեսօրին Մոսկվայում` Ռուսաստանի պաշտպանության նախարարության միասնական հրամանատարական կետում, այդ մասին հայտարարեց գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ Իգոր Կոնաշենկովը: Ռուսական օդանավը, սակայն, խոցվել է Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից, ինչը, ըստ ռուսական կողմի, Սիրիայի երկնքում հատուկ առաջադրանք կատարող իսրայելական F-16 կործանիչների անձնակազմերի սադրանքի արդյունք է:

«Թաքնվելով ռուսական օդանավի թիկունքում` իսրայելցի օդաչուները այն Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերի հարվածի տակ են դրել: Որպես հետևանք՝ Իլ-20-ը խոցվել է C-200 կայանքի հրթիռով», - հայտարարում էր Կոնաշենկովը` հավելելով, որ սիրիական ուժերին հաջողվել է ռուսական հետախուզական օդանավը ոչնչացնել նախևառաջ այն պատճառով, որ Իլ-20-ը չափերով ավելի մեծ և հակաօդային պաշտպանության ռադարների համար անհամեմատ ավելի խոցելի է, քան F-16 կործանիչները:

«Ավիացիոն կառավարման իսրայելական միջոցները և F-16 ինքնաթիռների օդաչուները չէին կարող չնկատել ռուսական օդանավը, քանի որ այն վայրէջք էր կատարում հինգ կիլոմետր բարձրությունից: Չնայած այդ հանգամանքին՝ նրանք կանխամտածված կերպով դիմել են այդ սադրանքին», - հայտարում էր Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:

Իլ-20-ի կործանման հետևանքով զոհվել են հետախուզական ինքնաթիռի անձնակազմի բոլոր անդամները: Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հայտարարում են, որ ողբերգությունից հնարավոր կլիներ խուսափել, եթե Իսրայելի իշխանությունները նախապես տեղեկացրած լինեին ռուսական կողմին Լաթաքիայում իրականացվող գործողությունների մասին:

«Իսրայելը ծրագրվող գործողության մասին Սիրիայում տեղակայված ռուսական զորախմբի հրամանատարությանը չի զգուշացրել: Իսրայելի սադրիչ գործողությունները մենք թշնամական քայլ ենք որակում: Իսրայելցի զինվորականների անպատասխանատու գործողությունների հետևանքով 15 ռուսաստանցի զինվորական է զոհվել: Այդ ամենը բացարձակապես չի համապատասխանում ռուս-իսրայելական գործակցության ոգուն: Մենք մեզ համարժեք գործողությունների դիմելու իրավունք ենք վերապահում», - հայտարարում էր Իգոր Կոնաշենկովը:

Միջադեպից մի քանի ժամ անց Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել իր իսրայելցի պաշտոնակից Ավիգդոր Լիբերմանի հետ` կատարվածի ողջ մեղքը բարդելով իսրայելական կողմի վրա: Բացի այդ, այսօր կեսօրին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն է հրավիրվել Մոսկվայում Իսրայելի դեսպան Հարի Կորենը:

Պաշտոնական Երուսաղեմն առայժմ որևէ հստակ մեկնաբանությամբ հանդես չի եկել: Կրեմլում, սակայն, չեն բացառում, որ առաջիկայում ռուսական օդանավի կործանման հարցը հեռախոսով կարող են քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG