Մատչելիության հղումներ

«Ես Քոչարյանի զոհն եմ»․ «Մարտի 1»-ի տուժած


Տասը տարի առաջ մարտի 1-ին Նորայր Գրիգորյանին չհաջողվեց խուսափել Գրիգոր Լուսավորիչ փողոցում խաղաղ ցուցարարների ուղղությամբ արձակված կրակոցներից:

«Գազի ատրճանակով, որ կրակեցին ժողովրդի վրա, հենց առաջինը ես էի, ուղիղ իմ երեսին որ կպավ, անկախ ինձանից գոռացի ու աչքս բռնեցի, պահեցի ու ընկա», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Գրիգորյանը:

Նա նշեց՝ 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանը մասնակցել է առաջին օրվանից, երբեմն գիշերել Ազատության հրապարակում, փետրվարի 29-ին գիշերը տուն է գնացել, առավոտյան Ազատության հրապարակի վրա ուժայինների հարձակման լուրը լսելուն պես շտապել Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ էլ հավաքվել էին հազարավոր ցուցարարներ: Նորայր Գրիգորյանը վերհիշեց ողբերգական օրվա մանրամասները: Աչքից բացի այլ վնասվածքներ էլ էր ստացել։

«Կռիվը սկսվեց ու ծեծեցին, որ ինձ խփին, ես ընկա, համ գլխիս գեշ հարված ստացա, համ կողերիս, մի մոմենտ, որ հելա վազեմ, ռեզինից դուբինկով խփեցին, որ խփին, գլուխս էլ վիրավորվեց», - պատմեց Գրիգորյանը:

Մարտի 1-ին ուշ երեկոյան, երբ իրավիճակը սրվել է, Գրիգորյանն ընտանիքի անդամների հորդորով հեռացել է դեպքի վայրից, տանը շարունակել վնասված աչքի բուժումը, բայց անօգուտ, ավելի ուշ այդ աչքի տեսողությունից ամբողջությամբ զրկվել է։

«Եթե աչքս տեսներ, լավ կլիներ, չեմ տեսնում, պիտի թեքվեմ, որ մեկ աչքով տեսնեմ։ Մարտի 1-ից հետո էս օրն ընկա, էն ժամանակ էս պատը կթռնեի կանցնեի, ես էդ օրը լավ ծեծ եմ կերել», - ասաց «Մարտի 1»-ի տուժողը:

Չնայած դրան՝ հանրահավաքների նկատմամբ նրա հետաքրքրությունը չի մարել, հեղափոխական հավաքներից էլ իրեն չի զրկել, երբեմն ձեռնափայտով, երբեմն որդու ընկերակցությամբ հրապարակ է գնացել՝ հավատալով, որ տասը տարի առաջ սկսած պայքարն այս անգամ կավարտվի ժողովրդի հաղթանակով:

«Հույս ունեմ, որ պիտի հասնեմ նպատակիս, պիտի երկիրը մաքրվի թալանչիներից, օլիգարխներից, սաղ մեր էրեխեքի հացի փողը տարան, թալանեցին, պետք է ետ բերվի, եթե չէ, ես ոչ մեկին էլ չեմ հավատում: Էս ամեն ինչը Քոչարյանի պատճառով ա եղել, անձամբ ես Քոչարյանի զոհն եմ», - ասաց Գրիգորյանը:

Մեր 79-ամյա զրուցակիցը «Մարտի 1»-ի ոճրագործության պատասխանատուների իր ցուցակն ունի. - «Առաջինը՝ Ռոբերտ Քոչարյանը, երկրորդը ՝Սերժ Սարգսյանն ա, երրորդը Աղվան Հովսեփյանը․․․ կան շատ կան, առնվազն 10-15 հոգի․․․»:

Անցած տասնամյակում ոչ մի անգամ իրավապահներին չդիմած ցուցարարը մի ցանկություն ունի, որ «Մարտի 1»-ի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն՝ օրենքի ողջ խստությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG