Երեկ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների շուրջ չորսուկես տևած բանակցությունները սիրիական Իդլիբի հարցով ավարտվել են համաձայնագրով։
«Բանակցությունների արդյունքում մեզ հաջողվեց լուրջ համաձայնության գալ», - երեկ բանակցություններին հաջորդած ասուլիսին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Բանակցությունների հիմնական արդյունքը՝ Իդլիբում ռազմական նոր գործողություն չի լինի։ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումից հետո ստորագրվել է Իդլիբում իրավիճակի կայունացման մասին ռուս-թուրքական հուշագիր, որի համաձայն՝ Սիրիայի պետական բանակի և զինված ընդդիմության շփման գծում մինչև հոկտեմբերի 15-ը պետք է ստեղծվի 15-20 կիլոմետր խորությամբ ապառազմականացված գոտի, որից պետք է դուրս բերվեն ծանր տեխնիկան, թնդանոթներն ու հրթիռային համազարկերի կայանքները։
Սա այն է, ինչի մասին Պուտինի հետ հանդիպման նախօրեին հայտարարել էր Էրդողանը՝ ընդգծելով, որ լայնածավալ հարձակումն Իդլիբում կբերի արյունահեղության։
Երեկ Սոչիում Էրդողանն ու Պուտինը պայմանավորվել են նաև, որ Ռուսաստանը և Թուրքիան միասին վերահսկելու են իրավիճակը այդ գոտում, վերահսկողությունն իրականացնելու են թուրքական պարեկային խմբերն ու ռուսական ռազմական ոստիկանությունը:
Միաժամանակ, Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվել են Սիրիայում շարունակել պայքարը ահաբեկչության դեմ:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բանակցություններից անմիջապես հետո հայտարարել է, որ Իդլիբում ռազմական նոր գործողություն չի լինելու:
«Առաջիկա ժամերին մենք սիրիացիների հետ կհամաձայնեցնենք բոլոր դրույթները, որոնք տեղ են գտել ռուս-թուրքական հուշագրում», - ասել է Շոյգուն:
Պուտինը երեկ հայտարարել է, որ ընդհանուր առմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը այս որոշմանը համաձայն է, և Մոսկվան սկսում է խորհրդակցություններ Դամասկոսի հետ:
Ռուսաստանը այս հարցով բանակցություններ կսկսի նաև Իրանի հետ:
Սեպտեմբերի 7-ին Թեհրանում անցել է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպումը Սիրիայի հարցով, որի ժամանակ կողմերին չի հաջողվել համաձայնության գալ Իդլիբի վերաբերյալ: Մոսկվան և Թեհրանը ունեին մի դիրքորոշում՝ նրանք ցանկանում էին ռազմական գործողությունների արդյունքում դուրս հանել այդ տարածքից շուրջ 10 հազար զինյալների, որոնց մեծ մասին Մոսկվան ահաբեկիչ է համարում, Անկարան կտրուկ դեմ էր նման սցենարին:
«Էրդողանը կանգնեցրեց Պուտինին», - սոցիալական ցանցերում այսպիսի մեկնաբանություններ են թողնում ռուսաստանցի լիբերալները: «Համաշխարհային սենսացիա է», - այսպես էլ ներկայացնում են Սոչիում երեկ կայացած բանակցությունները ռուսական դաշնային հեռուստաընկերությունները: