Մատչելիության հղումներ

Անկախության օրվա միջոցառումները՝ «Դու անկախ ես» կարգախոսի ներքո


Միջոցառման բյուջեն, նախնական հաշվարկներով, չի գերազանցի 100 միլիոն դրամը։

Անկախության օրվա՝ սեպտեմբերի 21-ի միջոցառումներն այս տարի կանցնեն «Դու անկախ ես» կարգախոսի ներքո, և միջոցառումների հիմնական կիզակետը կլինի Հանրապետության հրապարակը, այսօր մամուլի ասուլիս ժամանակ հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

Ըստ Աղաջանյանի, նախնական հաշվարկներով, միջոցառման բյուջեն չի անցնի 100 միլիոն դրամը։

«Հաշվի առնելով միջոցառման մասշտաբները, բեմերի քանակությունը, արտիստների քանակությունը, մեր նախնական հաշվարկներով, այս միջոցառումը չի անցնի 100 միլիոն դրամի շեմը։ Որպես համեմատական, որպեսզի պատկերացնեք, թե ինչ թվի մասին է խոսքը, ուրեմն՝ Սարդարապատի 100-ամյակին նվիրված միջոցառման բեմի համար՝ այն բեմի, որ Հանրապետության հրապարակում կար, այդ բեմի տեղադրման և ամբողջ միջոցառման համար պետական բյուջեից տրամադրվել էր 425 միլիոն դրամ», - ասաց Աղաջանյանը։

Նրա խոսքով՝ այս միջոցառումն իր տրամաբանությամբ լինելու է «աննախադեպ և տարբերվող»՝ իր «սփռվածությամբ և ապակենտրոնացվածությամբ»։

«Հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցները տրամադրված են լինելու քաղաքացիներին, այսինքն՝ լինելու են փակ երթևեկության համար։ Միջոցառումն անցնելու է «Դու անկախ ես» կարգախոսի ներքո և սա շատ հստակ ուղերձ է՝ հաշվի առնելով նաև թավշյա հեղափոխության մեր ունեցած փորձը, երբ յուրաքանչյուր քաղաքացի թիրախավորվում է և ուղերձը հղվում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուն։ Այս տեսանկյունից մենք կարծում ենք, որ «Դու անկախ ես» կարգախոսն ավելի քան համապատասխանում է օրվա խորհրդին, և դրանով մենք ուզում ենք ընդգծել այն պատասխանատվությունը, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է կրի՝ գիտակցելով, որ ինքն անկախ է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով», - ասաց Աղաջանյանը։

«Այն բոլոր բեմերը, որոնք գործելու են դեպի հրապարակ տանող փողոցներում, ներառելու են գրեթե բոլոր ոճերի երաժշտություն և մշակութային բոլոր շերտերը։ Շատ կարևոր տարբերություն կլինի նախկինում կազմակերպված միջոցառումներից, երբ կային հստակ արտիստների մի խումբ, որոնք օգտվում էին ինչ-որ չափով ելույթ ունենալու մենաշնորհից պետության կողմից կազմակերպված միջոցառումներից, դուք կտեսնեք բոլորովին նոր դեմքեր՝ երիտասարդ, տաղանդավոր դեմքեր», - ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավարը։

Աղաջանյանի խոսքով՝ սեպտեմբերի 21-ին կրկին կլինի վարչապետի մոտ ընդունելություն, բայց ոչ թե ինչպես նախկին իշխանությունների օրոք էր՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այլ Բաղրամյան 26-ում։

«Այնտեղ ձեզ ևս շատ հաճելի անակնկալ է սպասվում», - ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG