Հյուսիսային Կորեայում այսօր պատրաստվում են դիմավորել Հարավային Կորեայի ղեկավարին:
Վերջին օրերին հարավկորեացի պաշտոնյաները Փհենյանի «Կորիո» հյուրանոցում բանակցել են հյուսիսկորեացիների հետ: Երեկ հարավկորեացի մի խումբ լրագրողներ մեկնել են Փհենյան:
Նախագահ Կիմ Չեն Ընն այսօր հանդիպելու է իր հարավկորեացի պաշտոնակից Մուն Ջե Իի հետ: Դա կլինի այս տարվա ընթացքում կորեական երկու պետությունների նախագահների թվով արդեն երրորդ հանդիպումը:
Օրակարգում Կորեական թերակղզու ապամիջուկայնացումն է, խոստում, որը կոմունիստական Կորեայի ղեկավարն այս տարվա հունիսին տվել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին:
Չնայած այդ աննախադեպ և դարակազմիկ հանդիպմանը հաջորդած Փհենյանի և Վաշինգտոնի լավատեսական մեկնաբանություններին, Թրամփը և Ընը դեռ չեն խոսում Ամերիկայի և Հյուսիսային Կորեայի միջև պատերազմն ի պաշտոնե դադարեցնելու մասին:
Բուն մարտական գործողություններն ավարտվել են 1953 թվականի հուլիսի 27-ի հրադադարով, որի արդյունքում Հյուսիսային Կորեայի և Հարավային Կորեայի սահմանին ստեղծվել է ապառազմականացված հատուկ գոտի և մեկնարկել է ռազմագերիների փոխանակման գործընթացը: Սակայն խաղաղության պաշտոնական պայմանագիր չի կնքվել, հետևաբար՝ Հարավային Կորեայում տեղակայված ամերիկյան ստորաբաժանումները և սահմանից այն կողմ գտնվող հյուսիսկորեական բանակը տեխնիկապես դեռ գտնվում են պատերազմական վիճակում:
Մինչդեռ, Կիմ Չեն Ընի վարչակարգը շարունակում է պնդել, որ իր նպատակը Հարավային Կորեայի հետ խաղաղ վերամիավորումն է:
Արևմուտքը և Հարավային Կորեան նշում են, որ դրա համար Փհենյանի առաջարկած պայմաններն իրատեսական չեն:
«Հարավային Կորեայի տեսակետից, Հյուսիսային Կորեայում վերամիավորման տեսլականը պատմականորեն հիմնվում է Հյուսիային Կորեայի գաղափարախոսության և Հարավային Կորեայի հեղափոխության թեզերի վրա, ինչը շատ անհավանական է դարձնում միավորումը», - ասել է Reuters գործակալության կորեական բյուրոյի ղեկավար Սոյունգ Կիմը:
Հյուսիսային Կորեայում չեն պատկերացնում որևէ ապագա առանց այսօրվա գաղափարախոսության:
Reuters-ի թղթակցի հարցին, թե ի՞նչ ուղերձ ունի հյուսիսկորեական բանակի զինվորը Հարավային Կորեայի ժողովրդին, Հյուսիսային Կորեայի բանակի զինվոր Ռի Ջին Ռյոնգը, ով անցած շաբաթ մասնակցել է հանդիսավոր զորահանդեսին՝ մեծ ոգևորությամբ պատասխանել է. - «Ես կասեմ, թե ինչքան հրաշալի է գտնվել մեր սիրելի մարշալ Կիմ Չեն Ընի ձեռքերում»:
Հարավային Կորեայի ժողովուրդը դժվար թե ողջունի Հյուսիսի հետ Փհենյանի առաջարկած պայմանով վերամիավորվելու գաղափարը:
Մի խոսուն փաստ, ըստ փորձագետների, Հյուսիսային Կորեայի համախառն ներքին արդյունքը Հարավային Կորեայի համախառն ներքին արդյունքի 5 տոկոսին էլ չի հասնում: