Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի գույքի նկատմամբ ԱԱԾ քննչական վարչության որոշմամբ կալանք է դրվել դեռևս հուլիսի 9-ին: Այսօր այս մասին «Ազատությանը» հայտնեցին Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:
«2018 թվականի հուլիսի 9-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ մեղադրյալ Ա.Ս.-ի գույքի վրա դրվել է կալանք՝ քրեական գործով հնարավոր քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումն ապահովելու համար: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»,- նշված է դատախազության հաղորդագրությունում, որում, սակայն, չի մասնավորեցվում, թե ինչ քաղհայցի մասին է խոսքը:
ԱԱԾ լրատվական ծառայությունից էլ «Ազատությանը» փոխանցեցին, որ հարուցված քրեական գործի շրջանակում իրականացվում են քննչական և դատաիրավական բնույթի գործողություններ, որոնց մասին լրացուցիչ տեղեկություն կտրվի:
Օրերս Երևանի «Դավիթաշեն» թաղամասում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Ալեքսանդր Սարգսյանի կարողությանը: «Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը հայաստանյան մենակ մի բանկում ունի 30 միլիոն դոլար և այդ բոլոր փողերը դրված են կալանքի տակ։ Ես պահանջում եմ, որ Սաշիկ Սարգսյանը հրապարակային պարտավորվի, որ մի շաբաթվա ընթացքում էդ 30 միլիոն դոլարը հանելու է և վերադարձնելու է կամավոր պետական բյուջե»,- ասել էր Փաշինյանը:
Ալեքսանդր Սարգսյանը, որին լրատվամիջոցներում ու սոցանցերում հաճախ կոչում են Սաշիկ Սարգսյան և նրան վերագրում տարբեր բիզնեսներում Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին «50 տոկոսով փայ մտնելը», այսօր առավոտյան հանդես է եկել հայտարարությամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրելով բանկային գաղտնիք հրապարակելու մեջ: Սարգսյանն ընդգծում է, որ իրեն պատկանող դրամական միջոցներն օրինական են, Փաշինյանին հորդորելով իրավապահներին կոչ անել՝ «կալանքից ազատել իր և ընտանիքին պատկանող դրամական միջոցները»։
«Սույն թվականի սեպտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հանրահավաքում ունեցած իր ելույթի ժամանակ բացահայտ և հրապարակային սպառնաց Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ալեքսանդր Սարգսյանիս և մեկ շաբաթ ժամանակ տվեց, որպեսզի օրինական կարգով ինձ պատկանող դրամական միջոցները վերադարձնեմ ՀՀ պետական բյուջե: Իհարկե, Նիկոլ Փաշինյանը ոչինչ չասաց այն մասին, թե ինչու և ինչ հիմքով ես այդ գումարները պետք է վերադարձնեմ ՀՀ պետական բյուջե: Նման հայտարարություն անելուց առաջ ՀՀ վարչապետը նախ պետք է նշեր, որ օրենքով սահմանված կարգով հաստատվել է, որ իմ բանկային հաշվին առկա գումարները ձեռք են բերվել անօրինական ճանապարհով, ապա նաև պետք է նշեր, որ այդ գումարները հափշտակվել են ՀՀ պետական բյուջեից, դրա համար էլ ենթակա են վերադարձման ՀՀ պետական բյուջե»,- նշված է Ալեքսանդր Սարգսյանի տարածած հայտարարությունում:
Պնդելով, որ վարչապետը ոչ միայն նման հիմնավորում չի ներկայացրել, Սերժ Սարգսյանի եղբայրը շարունակում է․ «Ստացվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաջ հասկանալով, որ ես այդ գումարներն անօրինական ճանապարհով ձեռք չեմ բերել, որ դրանք օրենքով սահմանված կարգով չեն կարող բռնագանձվել, իմ նկատմամբ ունեցած իր բացասական վերաբերմունքից ելնելով և փորձելով օգտագործել ՀՀ վարչապետի իր պաշտոնեական դիրքն ու իշխանությունը, սպառնում է, որպեսզի ես ինքնակամ ՀՀ պետական բյուջե հանձնեմ սեփականության իրավունքով ինձ պատկանող գումարները: Վստահ եմ, որ ՀՀ վարչապետը և իրավապահ մարմինները քաջ հասկանում են, թե իրավական տեսնակյունից ինչպես են որակվում ՀՀ վարչապետի այդ գործողությունները: Այս համատեքստում խիստ մտահոգիչ է նաև, որ ՀՀ վարչապետն օրենքով սահմանված կարգի խախտմամբ տիրապետում է իմ վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններին, ինչպես նաև, որ անօրինական կարգով հրապարակել է այդ տեղեկությունները»:
Սարգսյանը նաև պնդում է, որ 1985-1995 թթ. բիզնես գործունեություն է իրականացրել Ռուսաստանում և Հայասստան է վերադարձել խոշոր գումարով, ներդրել բանկում, բացի այդ օրինական եկամուտ է ստացել բացառապես իրեն պատկանող (ոչ՝ 50 տոկոսի չափով) ընկերությունների գործունեությունից: Եզրափակելով՝ Ալեքսանդր Սարգսյանը հրապարակավ խոստանում է՝ վերը նշված գործողությունները կատարելու դեպքում, պատրաստ է օրինական կարգով իրեն պատկանող դրամական միջոցների որոշ մասը որպես բարեգործություն նվիրաբերել Հայաստանին:
«Ազատության» խնդրանքով արձագանքելով նախկին նախագահի եղբոր հայտարարությանը՝ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը նշեց․ «Վարչապետն արել է իր կոչը, պարոն Սարգսյանն արձագանքել է այդ կոչին: Հիմա ուղղակի պետք է սպասել իրադարձությունների հետագա զարգացմանը: Վարչապետը որևէ կոչ անելուց առաջ տիրապետում է տվյալ գործի ամբողջական ինֆորմացիային: Մնացածն արդեն ցույց կտա ժամանակը»,- ասաց Եղոյանը:
Կենտրոնական բանկի լրատվական ծառայությունից այսօր «Ազատությանը» փոխանցեցին, որ երկրի գլխավոր դրամատունն իրավասու չէ պատասխանել հարցին՝ արդյո՞ք օրինական են քաղաքացի Ալեքսանդր Սարգսյանի բանկային հաշվին եղած միջոցները, որովհետև այդպիսով կարող են հրապարկել նախաքննական գաղտնիք: