Մատչելիության հղումներ

Կառուցապատողը վտանգում է «Հայաստանի փոքրիկ երգիչներին» հատկացված 19-րդ դարի շինությունը


Շատերն են համոզված, որ անկախության տարիներին Հայաստանի մշակութային մեծագույն ձեռքբերումներից է 1992 թվականից Տիգրան Հեքեքյանի հիմնադրած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկապատանեկան երգչախումբը, որը կրում է «Եվրոպայի մշակույթի դեսպան» պատվավոր տիտղոսը և իր գործունեության 26 տարիների ընթացքում բազմիցս արժանացել է երգչախմբային համաշխարհային արվեստի ամենահեղինակավոր մրցույթների և փառատոների բարձրագույն պարգևների:

1995 թվականից «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկապատանեկան երգչախմբին է հատկացվել Արամի 23 հասցեում գտնվող 1880-ականներին կառուցված երկհարկանի շենքը, որն այսօր գտնվում է փլուզման, ոչնչացման եզրին, և եթե անհապաղ միջոցներ չձեռնարկվեն, ապա այս շենքը ևս կունենա նույն ճակատագիրը, ինչ քաղաքի կենտրոնում գտնվող հին երևանյան շենքերը, որոնց հետքն անգամ այսօր չի մնացել:

Այս մասին այսօր հրավիրած ասուլիսին ահազանգեց երգչախմբի հիմնադիր ղեկավար Տիգրան Հեքեքյանը՝ շեշտելով, որ «Հին Երևան» նախագծի շրջանակներում կառուցապատում իրականացնող շինարարական կազմակերպությունը աշխատանքներն իրականացնելիս այնպես է խարխլել տարածքի հիմքերը, որ շենքի պատերն իրարից հեռացել են, և Արտակարգ իրավիճակների նախարարությունը ոչ միայն իրենց արգելել է աշխատել այդ շենքում, այլև անվտանգության նկատառումներով առհասարակ դադարեցրել է այդ հատվածում շինարարական աշխատանքները:

«Հարցին տեղյակ են բոլոր պատկան մարմինները: Քանի որ սա նախորդ իշխանությունների քաղաքականության հետևանք է՝ Գլխավոր պողոտան ճանաչվել է գերակա շահ, շատ արագ, մայիս ամսից սկսեցին փորման աշխատանքները, «Հին Երևան» փակ բաժնետիրական ընկերության կողմից սկսվեց կառուցապատումը, և, ինչպես նշել են մասնագետները, ովքեր որ եկել են, միանգամից փաստել են, որ ուղղակի նորմատիվների խախտումով կառուցվող տարածք է: Շինարարները, որոնք փորել են այս տարածքը, նախ շատ մոտ են փորել պատմամշակութային հուշարձանին, այնպիսի ձևերով են քանդել, որ մեծ վնաս է հասցվել: Հիմնականում հողային և տուֆի ապարները, որոնք պահում են այդ տարածքի շենքերը, սկսել են շարժվել, երկու անգամ փլուզվել է շինարարության տարածքում: Բարեբախտաբար, առավոտյան 5-6-ին մոտ, շինարարներ չեն եղել, ապա մեծ զոհեր կունենայինք, և միևնույն է, շարունակել են աշխատանը, բանվորներին շարունակել են էնտեղ աշխատեցնել», - ասաց Հեքեքյանը:

Նա շեշտում էր, որ, չնայած պատկան մարմինների իրազեկվածությանը, ցավոք, այս մեկուկես ամսվա ընթացքում ոչ մի ամրակայման աշխատանք չի կատարվել, և իրենք լուրջ մտահոգություն ունեն, որ մինչև պետական պաշտոնյաները վերջապես ինչ-որ բան կվճռեն, արդեն շատ ուշ կլինի՝ շենքը վերջնականապես կփլուզվի:

Ասուլիսին ներկա կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանը, ով բազմիցս ամենախիստ քննադատության է ենթարկել երևանյան հին շենքերի նպատակաուղղված ոչնչացումը կառուցապատողների կողմից, հայտարարեց․ - «Էս վաշխառուները, էս բորենիները փչացրել են միջավայր, փչացրել են պատմություն: Սրանց հիմա ո՞նց դատես: Այ տենց ցավոտ ա եղել իմ համար, իմ համաքաղաքացիների համար, երբ որ քո ծննդավայրի միջավայրը․․․ սա մի այլ՝ օտար, թշնամի ազգ չի արել, չէ՞․․․ մենք մեր ձեռքով ենք արել: Էդ բանվորագյուղացիական բոլշևիզմը չի վերացել էս երկրից, երկար ժամանակ ա չի վերջանում: Հիմա նորից հույսեր ունենք բոլորս, որ կարող ա ինչ-որ բան փոխվի, ինչ-որ բան դեպի լավը գնա: Բայց էսօր կատաստրոֆիկ պահ ա, էսօր շենքը քանդվում ա, էսօր էկեք փրկենք»:

Կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանն ասաց․ - «Հերթական անգամ վանդալիզմ ա տեղի ունեցել: Մարդիկ, առանց հասկանալու, թե ինչ են անում, անում-վերջացնում են, հետո ասում են՝ վայ, էս ո՞նց էղավ: Դա ի՞նչ ա նշանակում․․․ հերթական անգամ մենք կույր ենք, հերթական անգամ խուլ ենք և հերթական անգամ լուռ ենք: Արվում-ավարտվում ա, հետո ասում ենք՝ բա ո՞նց էղավ սա: Անշուշտ, էդ շրջանում էն տեսակի շենքեր քանդվեցին, ավիրվեցին ուղղակի: Դա շատ ավելի փոքր մի շինություն է, բայց էս երգչախումբը աշխարհի ամենամեծագույն բեմերում հանդես եկող երգչախումբ ա, էս երգչախումբը աշխարհի բոլոր ծագերում ամենահեղինակավոր, ամենակարևոր մրցույթները շահած երգչախումբ ա: Այսինքն, մի հատ ինչ-որ կազմակերպություն իրան վերագրել ա հանցագործ անփութություն․․․ եթե սա միտումնավոր նախաձեռնություն ա, տակից անելով՝ կրկնակի հանցագործություն ա: Մենք գործ ունենք բառիս բուն իմաստով հանցագործության հետ․․․ Մեր երեխաներին ա հերթը հասել, սա մեր փառքն ու պատիվն ա: Հայաստանի Հանրապետության համար հույժ կարևոր նշանակություն ունեցող մի մշակութային օջախի մասին ենք խոսում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG