Գյումրիում բացվեց Հայաստանում առաջին ներառական հացի փուռն ու սրճարանը:
Շուրջ 300 հազար եվրո է ներդրվել այս ծրագրի իրականացման համար, որի 90 տոկոսը՝ 270 հազար եվրոն տրամադրել է Եվրամիությունը, մնացածը՝ «Կարիտաս Ավստրիա»-ն:
Ներառական սրճարանը բացվել է Գյումրիի կենտրոնում ամենաբանուկ ճեմափողոցում՝ Քըրք Քըրքորյանի արձանի ու Ասլամազյան քույրերի թանգարանի հարևանությամբ: Ներառական սրճարան կարող են այցելել բոլոր ցանկացողները, այդ թվում և սահմանափակ հնարավորություն ունեցողները՝ հատուկ նրանց համար թեքահարթակ է կառուցված:
Բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների «Էմիլի Արեգակ» կենտրոնի սաներն ու նրանց ծնողներն են սրճարանի աշխատակիցները: Այս պահին հինգ աշխատող կա, հետագայում նրանց թիվը կկրկնապատկվի:
20-ամյա Միքայելը, ով Դաունի սինդրոմ ունի, արդեն հասցրել է տիրապետել մի քանի տեսակի հաց թխելու նրբություններին: Միքայելի երազանքը հացի փուռ ունենալն էր․ - «Երազանքիս դուռը բացի»:
Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին, կարևորելով ներառական փռի ու սրճարանի ստեղծումը հենց Գյումրիում, նշեց, որ Եվրամիությունը առանձնակի տեղ է հատկացնում սոցիալական ձեռներեցությանը: Հավելեց, թե այն, իհարկե, մեծ թվով աշխատատեղեր չի ստեղծում, բայց կարող է դոմինոյի էֆեկտ ունենալ, ու այլ քաղաքներում ևս նման նախաձեռնություններով հանդես գան:
«Ես շատ ուրախ եմ, որ իմ պաշտոնավարման տարիների ընթացքում մենք սկսել ենք առաջ տանել սոցիալական ձեռներեցության գաղափարը: Սոցիալական ձեռներեցության նպատակը եկամուտը և գումարները չեն, այլ համայնքի ամրապնդումն է և դիմակայությունը: Կուզենայինք Գյումրին տեսնել որպես ներառական քաղաքի օրինակ», - ասաց ԵՄ դեսպանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանն ասաց, թե պետությունը սահմանափակ կարողություններ ունեցողների խնդիրների լուծման հարցում ուշացել է:
«Ես ցավով պիտի նշեմ, որ Հայաստանում պետությունը բավականին ուշացել է հավասար հնարավորություններ ստեղծելու իմաստով: Եվ մենք շատ-շատ անելիքներ պետք է ավելի մեծ քայլերով անենք և ավելի մեծ ներդրումներով առաջ գնանք, որպեսզի կարողանանք մեր բաց թողածը լրացնել», - հայտարարեց Բաթոյանը:
Հատկապես հացի փռի գաղափարը հոգեհարազատ է եվրոպացի դիվանագետին, քանի որ, ինչպես վերջինս խոստովանեց առաջին անգամ, Սվիտալսկիները հացթուխներ են և ավելի քան 110 տարի զբաղվում են այդ գործով:
«Կա հատկապես յուրահատուկ և շատ անձնական պատճառ, թե ինչու է ինձ համար այս ծրագիրը կարևոր: Իրականում իմ մեծ պապիկը, այսինքն՝ պապիկիս հայրը, նախկինում ունեցել է փուռ, մոտ մի 100-110 տարի առաջ: Նա մահացել է 1942 թվականին գերմանական ճամբարում, և նրա փուռը, նրա ամբողջ բիզնեսը ազգայնացվել է իշխանությունների կողմից: Հացը ամեն ինչի սկիզբն է և վերջը: Եվ պետք է ասեմ, որ Սվիտալսկիների ընտանիքը շարունակում է պահել հաց թխելու ավանդույթները», - ասաց Եվրամիության դեսպանը:
Մեկ այլ եվրոպացի դիվանագետի մատնացույց արեց Սվիտալսկին՝ Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերին, ով նույնպես հացթուխի ընտանիքից է, և կատակեց, թե հացթուխների ընտանիքներից նաև լավ դիվանագետներ են դուրս գալիս:
Պյոտր Սվիտալսկին խոսեց Եվրամիության շարունակելիք ծրագրերից, որոնցում նաև Գյումրին ու Շիրակի մարզն է ընդգրկված: Հյուսիսային Հայաստանի համար Եվրամիությունն արդեն զարգացման ծրագրեր է իրականացնելու:
«Մեր գործընկերներն ի դեմս նոր կառավարության ամբողջ ամառ շատ են աշխատել այս ծրագրի շրջանակներում, որը հուսանք նոյեմբերին կհաստատվի և արդեն հաջորդ տարի կսկսվի իրականացումը, որով մոտակա երեք տարիների ընթացքում զարգացման ծրագրեր կիրականացվեն Հյուսիսային Հայաստանում և Գյումրիում: Այս ծրագրերը հիմնականում ուղղված կլինեն ՓՄՁ-ների, գյուղատնտեսության և տուրիզմի զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը», - նշեց դեսպան Սվիտալսկին:
Թավշյա հեղափոխությունից հետո Եվրամիությունը հայտարարեց, որ առաջիկա չորս տարվա համար Հայաստանին կհատկացնի 160 միլիոն եվրո գումար: