Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյան․ «Սա մի հաղթանակ է, որ կերտել ենք միասին, որը պետք է փայփայենք և վայելենք միասին»


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Փարիզում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, 14-ը սեպտեմբերի, 2018թ․
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Փարիզում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, 14-ը սեպտեմբերի, 2018թ․

«Առաջիկայում Հայաստանն ավելի լուրջ և մեծ միջազգային դերակատարում պետք է ունենա»

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ հանդիպման «ամենակարևոր արձանագրումը և արդյունքը հետևյալն է. կարող ենք համարել, որ առաջիկայում Հայաստանի Հանրապետությունն ավելի լուրջ և մեծ միջազգային դերակատարում պետք է ունենա», - հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուրբաթ օրը Փարիզում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

«Հեղափոխությունից հետո Հայաստանի միջազգային հեղինակությունն աճել է ու կարող ենք ավելի ակտիվ դերակատարում ունենալ միջազգային հարաբերություններում», - ընդգծել է Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ բացի երկկողմ հարաբերություններից` Ֆրանսիայի նախագահի հետ քննարկել են նաև միջազգային նշանակության տարբեր հարցեր: Նա հավելել է, որ կիսատ մնացած հարցերը Ֆրանսիայի գործընկերոջ հետ կքննարկի Երևանում, երբ Մակրոնը պետական այցով կժամանի Հայաստան: «Վստահ եմ, որ նախագահ Մակրոնի հետ մեր շփումները և հարաբերությունները գնալով ավելի ինտենսիվ են դառնալու», - ասել է վարչապետը:

Անդրադառնալով հաջորդ ամիս Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին` Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը կկարողանա կազմակերպել այն այնպես, որ կազմակերպությունը գագաթնաժողովի արդյունքում ավելի ուժեղանա, ֆրանկոֆոն տարածքում Հայաստանի դերակատարությունն ավելի ընդգծվի:

«Չբանակցելով Ղարաբաղի հետ՝ Ալիևը մեծ ծառայություն է մատուցում մեզ, մնում է, որ Ղարաբաղը որոշի, թե ինչպես է մտնում Հայաստանի կազմ»

Ֆրանսահայերը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորություններով և հարցրել՝ արդյոք Ադրբեջանի նախագահի հետ հանդիպում սպասվում է: Վարչապետը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ արդեն իսկ կայացել է Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում, իսկ երկրների ղեկավարների մակարդակով հանդիպման մասին դեռևս պայմանավորվածություն և խոսք չկա:

«Նախագահ Մակրոնը հետաքրքրվում էր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մեր պատկերացումներով և նրանով` արդյոք կա հնարավորություն լրջորեն քննարկել հարցի կարգավորումը: Մտքեր փոխանակեցինք այս հարցի կապակցությամբ, և ես նրան ասացի, որ իմ կարծիքով` Ադրբեջանի ղեկավարն իրականում այդքան էլ անկեղծ չէ, երբ խոսում է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մասին, որովհետև դա հնարավոր է, երբ տարածաշրջանում կա կարգավորման մթնոլորտ: Սպառնալիքների պայմաններում խոսել կարգավորման մասին, այնքան էլ իրատեսական չէ, եթե միջնորդներն իսկապես ուզում են, որպեսզի զբաղվենք կարգավորմամբ, իսկ մենք պատրաստ ենք կարգավորման, առաջին հերթին պետք է կարգի հրավիրեն Ադրբեջանի նախագահին: Եթե վերջինս մտածում է, որ սպառնալիքներով կարող է մեզ զիջման մղել, ապա սխալվում է: Այսօրվա Հայաստանը ուրիշ Հայաստան է, <...> որի շուրջ համախմբված է ողջ հայությունը: Տվյալ դեպքում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունը ստանալու է հակահարված՝ համախմբված և դուխով հայ ժողովրդի կողմից», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանը և Ալիևը ուզում է ասել և արձանագրում է կամ բարձրաձայնում է, որ Ղարաբաղը, իր կարծիքով, պետք է լինի Ադրբեջանի կազմում: Այսինքն՝ դա նրանց քաղաքական, էսպես ասած, իդեա ֆիքսն է, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում: Մյուս կողմից, երբ մենք ասում ենք, որ Ղարաբաղը մասնակցի բանակցություններին, Ադրբեջանը ասում է, որ «ես չեմ խոսում Ղարաբաղի հետ, ես չեմ բանակցի Ղարաբաղի հետ», - նշել է Հայաստանի վարչապետը և շարունակել․ - «Այսինքն, Ալիևը ուզում է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում, և չի ուզում խոսել նրա հետ: Սա ի՞նչ տրամաբանություն է: Այսինքն, եթե տեսականորեն նայենք այս իրավիճակին, նա մտածում է, որ մի երկրում կարող են լինել տարբեր մասեր, որի հետ կառավարությունը չի՞ խոսում: Պատկերացրեք մի երկիր, որի կառավարությունը չի խոսում իր երկրի մի մասի հետ»:

«Եթե այդպես է, կնշանակի, որ Ալիևը ուզում է Ղարաբաղը առանց ղարաբաղցիների: Սա էլ նշանակում է, որ Ղարաբաղի ժողովուրդը ճիշտ է՝ պնդելով, որ Ադրբեջանը իրենց նկատմամբ վարում է ցեղասպանության և ցեղասպան քաղաքականություն: Այսինքն՝ Ալիևը ոչ թե ուզում է Ղարաբաղը՝ իր ամբողջության մեջ, Ալիևը ուզում է Ղարաբաղը առանց մարդկանց, առանց ղարաբաղցիների: Եվ հետևաբար՝ նրա տրամաբանությունը ցեղասպան տրամաբանություն է: Եվ հետևաբար՝ ճիշտ են ասում ղարաբաղցիները, որ Ադրբեջանի կազմում լինելը նշանակում է իրենց ֆիզիկական ոչնչացում», - շեշտել է Փաշինյանը:

«Եթե Ալիևը իրոք ուզենար Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանի կազմ, ինքը պիտի բոլոր հնարավոր առիթները օգտագործեր Ղարաբաղի հետ երկխոսություն ծավալելու համար: <…> Ինչպե՞ս կարելի է չխոսելով վերադարձնել, ընդգրկել սեփական երկրի կազմ: Նա, նշանակում է, ուզում է հողը առանց ժողովրդի: Նշանակում է՝ ճիշտ են ասում ղարաբաղցիները և հայությունը, որ սա ոչ թե ուղղակի կոնֆլիկտ է, սա մի կոնֆլիկտ է, սա մի հարց է, երբ ուղղակի Ադրբեջանում հայ լինելը, առավել ևս՝ ղարաբաղցի լինելը դա ուղիղ սպառնալիք է ֆիզիկական գոյությանը: Եվ հետևաբար՝ էդ դիրքորոշմամբ Ալիևն ինքը ապացուցում է, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում», - հայտարարել է Հայաստանի վարչապետը:

«Հրաժարվելով բանակցել, ասելով, որ ինքը չի բանակցի Ղարաբաղի հետ, Ալիևը մեծ ծառայություն է մատուցում մեզ, որովհետև մենք այլևս խոսելու համար որևէ բան ապացուցելու անհրաժեշտություն չունենք, ինքն է ապացուցում, որ Ղարաբաղը պետք է ինքնորոշվի, և արդեն իսկ Ալիևը որոշել է, որ Ղարաբաղը չի լինելու, չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և մնում է, որ Ղարաբաղը ինքը որոշի, թե ինչպես է մտնում Հայաստանի կազմ», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա ապրում ենք երազանքները կյանքի կոչելու ժամանակ»

Վարչապետն անդրադարձել է Հայաստան-սփյուռք հարաբերությունների ավելի ակտիվացմանը, տարբեր երկրների հետ Հայաստանի հարաբերություններին, Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, տարբեր ուղղություններով իրականացվող բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, հայրենադարձության հնարավորություններին: Վերջինի հետ կապված Նիկոլ Փաշինյանը նշել է. - «Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող յուրաքանչյուր ընտանիքում անընդհատ այդ թեման պետք է հնչի: Կապ չունի՝ ներկաներից քանիսը երբ կվերադառնան, եթե վերադառնան՝ շատ լավ, եթե նրանց երեխաները վերադառնան՝ շատ լավ, եթե երեխաները չէ, թոռները վերադառնան՝ լավ, կարևորը՝ ձևակերպվի, որ ամեն հայի նպատակն ի վերջո Հայաստան վերադարձն է: Եվ այդ վերադարձի գաղափարը պետք է լինի մեր ինքնության, երեխաների դաստիարակության մի մասը, մնացածն ինքն իրեն կստացվի: Կարևորը, որ դա լինի երազանք»:

«Անկեղծ ասած, երբ նայում էի ձեզ` մտածում էի, թե խոսքը սկսելիս ի՞նչ բառերով դիմեմ ձեզ, ասեմ` սիրելի հայրենակիցներ, հարգելի ֆրանսահայեր, սակայն որոշեցի դիմել հետևյալ կերպ. սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, որովհետև կարծում եմ, հենց այսկերպ ձեզ դիմելու արդարացվածությունն է այն առանցքային քաղաքական փոփոխությունը, որ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում», - ասել է վարչապետը և շարունակել․ - «Դա է այն լրջագույն բովանդակային փոփոխությունը, որ տեղի է ունեցել հայ ժողովրդի կյանքում, որովհետև անկախության տարիներից ի վեր բանավեճը միշտ եղել է, թե ինչպիսին են Հայաստանի և սփյուռքի հարաբերությունները, ովքեր են Հայաստանում ապրողները և ովքեր Հայաստանից դուրս ապրողները: Այս բանավեճը երկար տարիներ տեղի է ունեցել, տարբեր տեսակետներ են հնչել, և ի վերջո այս երկար դեգերումներից հետո մենք հասել ենք մի կետի, որտեղ ՀՀ վարչապետն աշխարհի ցանկացած տեղում, դիմելով իր հայրենակիցներին, կարող է վստահորեն ասել` սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, որովհետև քաղաքացիությունն անձնագիր չէ, նույնիսկ կեցություն չէ, նույնիսկ հաշվառման հասցե չէ և գտնվելու վայր: Քաղաքացիությունը գիտակցություն է ու զգացողություն, և Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի թավշյա հեղափոխությունը ողջ հայությանը միավորեց միության և քաղաքացիական գիտակցության շուրջ, հասկացանք, որ բոլորս ՀՀ քաղաքացիներ ենք, անկախ նրանից` ապրում ենք Հայաստանում, թե` ոչ, անկախ նրանից` ծնվել ենք Հայաստանում, թե` ոչ, անկախ նրանից` երբևէ կվերադառնանք Հայաստան, թե` ոչ, որովհետև Հայաստանը բոլորիս ընդհանուր ինքնությունն է, Հայաստանը բոլորիս ծննդավայրն է և բոլորիս բնակավայրն է, բոլորիս հայրենիքը, բոլորիս երազանքը, բոլորիս նպատակն է և բոլորիս հաղթանակը: Սա մի հաղթանակ է, որ կերտել ենք միասին, որը պետք է փայփայենք և վայելենք միասին»:

«Կար ժողովուրդ, որը չէր հավատում իր ուժերին, ապագային, և այլևս կա ժողովուրդ, որ հավատում է իր ուժերին, ապագային և այդ ժողովուրդն այլևս անշրջելիորեն հաղթանակած է: Կա երազելու և երազանքներն իրականացնելու ժամանակը: Կարծում եմ, որ մենք ընդամենը մի քանի ամիս առաջ ապրեցինք երազելու ժամանակը և հիմա ապրում ենք երազանքները կյանքի կոչելու ժամանակ: Մենք մեզ համար ազգովի բացել ենք երազանքները կյանքի կոչելու ժամանակաշրջան, ուրեմն եկել է ժամանակը, որ մենք ուս ուսի տված, կողք կողքի կանգնած ազգովի միասին իրականացնենք այն երազանքները, որ երազել ենք հազարամյակներով: Մեր երազելու հազարամյականերին գալիս է փոխարինելու երազանքներն իրականացնելու հազարամյակը, մենք այլևս մի ժողովուրդ ենք, որը կանգնում է ոտքի, ուղղում մեջքը և քայլում դեպի երազանքների իրականացում: Ի գործ` դեպի քաղաքացիությամբ և ինքնությամբ ամրացած Արցախի Հանրապետություն, դեպի Հայաստանի Հանրապետություն, որը բոլոր հայերի հայրենիքն է, այն հայության հայրենիքն է, որ ապրում է վերադառնալու երազանքով, և եկել է այդ երազանքն իրականացնելու ժամանակը», - Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG