Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է ահազանգեր, որ վերջին մի քանի օրերի՝ սեպտեմբերի 13-15-ի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից դարձյալ գնդակոծվել են Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը, համապատասխան հրապարակումներ են առկա նաև զանգվածային լրատվամիջոցներում:
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տրամադրված տվյալները վկայում են, որ Բաղանիս գյուղում կրակոցներն արձակվել են գյուղի դպրոցի, քաղաքացիական տների ու գյուղ տանող ավտոճանապարհի ուղղությամբ: Ըստ Չինարի գյուղին վերաբերող տեղեկությունների՝ վաղ առավոտյան տեղի ունեցած կրակոցների հետևանքով վնասվել է գյուղի մանկապարտեզը, այն պաշտպանող պատը, ինչպես նաև քաղաքացիական բնակիչների տներ: Կրակոցների պատճառած վնասները գյուղի վարչակազմի իրավասու ներկայացուցչին և բնակիչներին հիմք է տվել եզրակացնելու, որ դրանք արվել են խոշոր տրամաչափի գնդացիրներից և դիպուկահարներից», - ասված է Հայաստանի օմբուդսմենի գրասենյակի հաղորդագրությունում:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը առաջիկայում կամփոփի սեպտեմբերի 2-ից սկսած ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի սահմանամերձ գյուղերի գնդակոծությունների առնչությամբ փաստահավաք աշխատանքները: «Դրանք արդեն իսկ վկայում են, որ կրակոցներն արվում են գյուղի խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների կյանքի և առողջության համար վտանգավոր եղանակով», - նշված է հաղորդագրությունում:
Առաջիկայում կհրապարակվի արտահերթ զեկույց, որը կուղարկվի մարդու իրավունքների ոլորտի միջազգային կառույցներին: