Այսօր սպասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այցը Բաքու, որտեղ նա մասնակցելու է հեծելազորի շքերթին՝ նվիրված թուրքական Կովկասյան բանակին, մասնավորապես՝ 1918 թվականի «Բաքվի ազատագրմանը բոլշևիկներից և դաշնակներից»:
100 տարի առաջ սեպտեմբերյան այս օրերին Բաքվում տեղի ունեցավ հայ բնակչության զանգվածային կոտորած՝ օսմանյան և ադրբեջանական զորքերի մասնակցությամբ։ Տարբեր տվյալներով՝ այդ օրերին զոհվել է 9 հազարից մինչև 30 հազար մարդ։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, համապետական միջոցառումը նախատեսված էր Բաքվի ժամանակով առավոտյան ժամը 10-ին, սակայն տեղափոխվել է ժամը 16-ին: Թե որն է Բաքվի Ազադլըղ հրապարակում նախատեսված շքերթի հետաձգման պատճառը, Ադրբեջանի իշխանությունները չեն մեկնաբանում: Ըստ ադրբեջանական մամուլի՝ դա կարող է կապված լինել Էրդողանի ժամանման ժամանակացույցի հետ:
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ մեկօրյա այցի ընթացքում նախագահ Թուրքիայի նախագահը Ադրբեջանի իշխանությունների հետ կքննարկի երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու տարածաշրջանային հարցերը։