«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը անհիմն է որակում ենթադրությունները, թե Հանրապետական կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններում սատարում է իր թեկնածությունը։
«Նախ չկա որևէ ինֆորմացիա, որ Հանրապետական կուսակցությունը պաշտոնական հայտարարել է այս կամ այն կուսակցությանը, կամ թեկնածուին սատարելու մասին։ Դրանք միայն ենթադրություններ են, վերլուծություններ են։ Այդ վերլուծությունների հիմքում, կարծում եմ այն է, որ «բա էլ ում պետք է սատարեին», ենթադրենք։ Իհարկե դրանք անհիմն են։ Որևէ համագործակցություն ինձ աջակցելու վերաբերյալ մեր միջև ձեռքբերված չէ», - «Ազատության» «ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց Զեյնալյանը։
Հարցին, թե հանդիպումներ, քննարկումներ, խոսակցություններ ՀՀԿ-ականների հետ տեղի չե՞ն ունեցել, Զեյնալյանը պատասխանեց. - «Ես որևէ հանդիպում չեմ ունեցել և քննարկել մեր դաշինքին սատարելու վերաբերյալ հարցեր»։
Օգտատերերը մասնավորապես հետաքրքրվել էին Զեյնալյանից, թե ինչպես կպարզաբանի շրջանառվող այն լուրերը, թե «իրեն Հանրապետական կուսակցությունն է սատարում, ինքը համագործակցում է Հանրապետական կուսակցության հետ»։