Մատչելիության հղումներ

Ադրբեջանական զինավարժանքների սցենարում Հայաստանն առաջին անգամ նշվում է որպես թշնամի


Ադրբեջանական զինուժը զորավարժություններ է անցկացնում, արխիվ
Ադրբեջանական զինուժը զորավարժություններ է անցկացնում, արխիվ

Ադրբեջանը հաջորդ շաբաթվա սկզբից, սեպտեմբերի 17-ից, հնգօրյա լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ կանցկացնի բանակի տարբեր զորատեսակների ու զորամիավորումների ներգրավմամբ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, վարժանքներին մասնակցելու է 20 հազար զինծառայող, 200 միավորից ավելի տանկ և այլ զրահատեխնիկա, 120 միավորից ավելի տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայաններ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետներ, 10 միավոր կործանիչներ ու տասնյակ ավիացիոն միջոցներ՝ տարբեր նշանակության:

Պաշտպանության նախարարությունն ընդգծում է, որ վարժանքների պլանը կազմել է նախագահ՝ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը, և որ դրանց ընթացքում ստուգվելու է, թե որքանով են զինծառայողները տիրապետում վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի բանակի կողմից ձեռք բերված սպառազինությանը:

Հատկանշական է, որ այս անգամ վարժանքների մասին պաշտոնական հաղորդագրության մեջ հստակ նշվում է՝ ադրբեջանական բանակի թշնամին Հայաստանն է: Մինչ այժմ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օգտագործում էր «պայմանական թշնամի» եզրույթը, նաև նշվում էր, որ զորավարժություններն անցկացվում են պատերազմականին առավելագույնս մոտեցված պայմաններում:

Մինչդեռ, պաշտոնական Բաքվի՝ այսօր տարածած հաղորդագրության մեջ նշված է․ «Զորավարժությունների ընթացքում կմշակվեն մի քանի ուղղություններով հակառակորդի պաշտպանությունը տանկերով ճեղքելու, Ղարաբաղի տարածքում Հայաստանի ռազմական խմբավորումներն ու առաջնագծի ստորաբաժանումները ջախջախելու, ինչպես նաև օկուպացված տարածքների ազատագրման սցենարներ՝ հրթիռահրետանային և ավիացիոն հարվածների օգնությամբ»:

Ադրբեջանական մամուլը գրում է, որ, ամենայն հավանականությամբ, սցենարում Հայաստանի և Ղարաբաղի հստակ հիշատակումը որպես հակառակորդ՝ կապված է Հայաստանում անցկացվող «Շանթ-2018» զորավարժությունների հետ, որոնց շրջանակներում Հայաստանի Ազգային ժողովը Ադրբեջանին պատերազմ հայտարարելու մասին որոշում էր ընդունել, հաղորդագրությունն էլ տեղադրվել էր խորհրդարանի պաշտոնական կայքում:

Այսօր դրան արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարարությունը: «Հայաստանի խորհրդարանի կողմից «Շանթ-2018» զորավարժությունների ընթացքում Ադրբեջանին պատերազմ հայտարարելու որոշումը և դրա տեղադրումը խորհրդարանի պաշտոնական կայքում ևս մեկ, ակնհայտ ցուցիչ է, որ Հայաստանը ղարաբաղյան հակամարտության կողմ է»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը:

Ավելի վաղ, շաբաթվա սկզբին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր պնդել, թե Փաշինյանի հայտարարություները Ղարաբաղի հետ բանակցելու անհրաժեշտության մասին, անընդունելի են Ադրբեջանի համար: «Տպավորություն է՝ ասես Փաշինյանն ամեն կերպ փորձում է ձախողել բանակցային գործընթացը»,- ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպմանն ասել էր Ադրբեջանի առաջնորդը:

Հակադարձելով Ալիևի այդ հայտարարություններին՝ Հայաստանի վարչապետն, իր հերթին, նախօրեին խորհրդարանում ասել էր՝ բանակցային գործընթացին ամենաշատը խանգարում է Ադրբեջանի որդեգրած ռազմատենչ քաղաքականությունը:

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Հայստանի և Ադրբեջանի առաջնորդները դեռ չեն բանակցել, Ալիև-Փաշինյան հանդիպում այս պահին նախատեսված չէ, նախօրեին ասել էր Հայաստանի արտգործնախարարության խոսնակը, միաժամանակ փաստելով, որ նման հանդիպման առաջարկ եղել է, և կան որոշակի պայմանավորվածություններ:

Առայժմ հանդիպել են միայն արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը, որոնք սեպտեմբերի վերջին կրկին կնստեն բանակցային սեղանի շուրջ Նյու-Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG