Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը կարող է նոյեմբերին Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանել Սկրիպալների գործով


Մեծ Բրիտանիա - Ոստիկանները City Stay հյուրանոցի մոտ, որտեղ գիշերել են Ալեքսանդր Պետրովը և Ռուսլան Բոշիրովը, Լոնդոն, 5-ը սեպտեմբերի, 2018թ․
Մեծ Բրիտանիա - Ոստիկանները City Stay հյուրանոցի մոտ, որտեղ գիշերել են Ալեքսանդր Պետրովը և Ռուսլան Բոշիրովը, Լոնդոն, 5-ը սեպտեմբերի, 2018թ․

ԱՄՆ Պետդեպարտամենտը նոյեմբերին Սկրիպալների գործի շրջանակում պատժամիջոցների նոր փաթեթ է սահմանելու, եթե ռուսական կողմը չկատարի Միացյալ Նահանգների պահանջը: Այս պատժամիջոցները չափազանց կոշտ են և շատ ցավոտ են լինելու Ռուսաստանի տնտեսության համար, հաղորդում է Bloomberg լրատվական գործակալությունը:

Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մանիշա Սինգհը հայտարարել է, որ նոր պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն, եթե Մոսկվան հրաժարվի առաջիկա ամսում կատարել Վաշինգտոնի պայմանները:

Միացյալ Նահանգները պահանջում է, որ Ռուսաստանը երաշխավորի քիմիական զենքի չկիրառումն ու թույլ տա արտասահմանցի փորձագետներին այցելել ռուսական լաբորատորիաներ:

«Միջազգային հանրությունը չպետք է հանդուրժի Ռուսաստանի պահվածքը, հատկապես այն դեպքում, երբ թունավորվում են իրենց քաղաքացիները», - ասել է Սինգհը:

Այս պատժամիջոցները կիրառվում են 1991 թվականի ամերիկյան օրենքի համաձայն, որը պահանջում է միջոցներ ձեռնարկել քիմիական և կենսաբանական զենք կիրառող երկրների դեմ: Նմանատիպ պատժամիջոցներ նախկինում կիրառվել էին սիրիական կառավարության նկատմամբ՝ քաղաքացիական անձանց դեմ քիմիական հարձակումներ իրականացնելու համար:

Երեկ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը գլխավորող Էդ Ռոյսը հայտարարել է, թե պետք չէ հույս ունենալ, որ Վլադիմիր Պուտինը և նրա կոռումպացված գործընկերները կփոխեն Սիրիայում կամ Ուկրաինայում իրենց վարքագիծը, և պետք է ուժեղացնել ճնշումը Մոսկվայի վրա:

Օգոստոսին ուժի մեջ է մտել Սկրիպալների գործի շրջանակում ամերիկյան պատժամիջոցների առաջին փուլը, որն ավելի մեղմ է և ըստ էության կրկնում է արդեն գործող պատժամիջոցների ցանկը: Մասնավորապես, Ռուսաստանին արգելվում է վաճառել երկակի նշանակության ապրանք:

Երկրորդ փուլով նախատեսվող պատժամիջոցները, նույնիսկ ռուսաստանցի լրագրողների գնահատմամբ, ամենակոշտն են լինելու: Այսպես՝ արգելվելու է Ռուսաստանին մատակարարել տեխնոլոգիաներ, օրինակ՝ ավիացիոն տուրբիններ, արգելվելու են «Աէրոֆլոտ»-ի թռիչքները Միացյալ Նահանգներ, լուրջ սահմանափակումներ են լինելու նաև Ռուսաստանի բանկերի նկատմամբ:

Bloomberg-ը գրում է, որ եթե ուժի մեջ մտնի երկրորդ փուլով նախատեսված պատժամիջոցների փաթեթը, կնշանակի, որ Միացյալ Նահանգները պարզապես էմբարգո է հայտարարում Ռուսաստանին:

Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մի փաթեթ էլ առաջիկայում քննարկվելու է ԱՄՆ Կոնգրեսում:

Պատժամիջոցների մասին նոր հայտարարությունը Վաշինգտոնից հնչեց այն բանից հետո, երբ Կրեմլի շահերը սպասարկող Russia Today հեռուստաընկերությունը հարցազրույց հրապարակեց Սկրիպալներին թունավորելու մեջ մեղադրվող Ալեքսանդր Պետրովի և Ռուսլան Բոշիրովի հետ: Այդ հարցազրույցում Պետրովն ու Բոշիրովը հերքում են իրենց ներկայացված մեղադրանքը և ասում են, որ երկու օրով Սոլսբերի էին մեկնել պարզապես որպես զբոսաշրջիկներ ու ռուսական հատուկ ծառայությունների հետ որևէ կապ չունեն:

Ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը՝ Յուլիային անգիտակից վիճակում հայտնաբերել էին մարտի 4-ին Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում՝ նստարանի վրա: Շաբաթներ շարունակ հիվանդանոցում բուժում ստանալուց հետո նրանք ապաքինվել են: Բրիտանական իշխանությունները պարզել են, որ Սկրիպալները թունավորվել են ԽՍՀՄ-ում արտադրված «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով: Ռուսաստանը հերքում է մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG