Մատչելիության հղումներ

«Թավշյա հեղափոխությունն իմաստ չի ունենա, եթե չհասնենք տնտեսական հեղափոխության». Փաշինյան


Հայաստանում թավշյա հեղափոխությունն իմաստ չի ունենա առանց տնտեսական հեղափոխության, այսօր Փարիզում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության անդամների հետ հանդիպման ժամանակ։

«Հայաստանում տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա հեղափոխություն, և ես ուզում եմ ասել, որ սա ոչ միայն քաղաքական հեղափոխություն է, այլև արժեքների հեղափոխություն է, բայց նաև շատ կարևոր է ընդգծել, որ մեծ հաշվով այս հեղափոխությունն իմաստ չի ունենա, եթե մենք չկարողանանք հասնել տնտեսական հեղափոխության։ Այդ առումով հիմա իսկապես մեր հեղափոխության կարևոր շրջափուլում ենք և պետք է ապահովենք տնտեսական ճեղքում Հայաստանի Հանրապետության համար», - ասաց Փաշինյանը։

Վարչապետը վերահաստատեց իր նախկին հայտարարությունը՝ որևէ գործարար, որևէ ընկերություն այս պահից սկսած՝ իր ընտրվելու պահից սկսած «ազատված է որևէ կոռուպցիոն պարտավորությունից»։

«Ըստ էության, մենք տնտեսական գործունեություն ծավալողների հետ հարաբերություններում, ներդրողների հետ հարաբերություններում ունենք ընդամենը երկու պայման և երկու շահագրգռվածություն՝ գործունեությունը պետք է լինի օրինական՝ օրենքին լիարժեք համապատասխան, և մենք բոլորին կաջակցենք, որպեսզի նրանք հնարավորինս շատ աշխատատեղեր ստեղծեն և իհարկե հարկեր վճարեն», - ասաց վարչապետը՝ շարունակելով. - «Մենք ի գիտություն ենք ընդունել բիզնեսից եկող այն ազդակները, որ մեր Հարկային օրենսգիրքը չափազանց խառնիճաղանճ է և տնտեսական գործունեությունը բարդացնող, ինչի արդյունքում մենք ձեռնարկել ենք Հարկային օրենսգրքի լայնածավալ փոփոխություններ»։

Անդրադառնալով տնտեսական համագործակցության միջազգային պայմանագրերին, վարչապետը հայտարարեց՝ ստիպված են եղել և ստիպված են որոշակի հարցեր պարզաբանել մի շարք գերմանական, ռուսական, իտալական, ֆրանսիական և այլ ընկերությունների հետ։

«Մեր գործողությունների նպատակը որևէ բան ավերելը չէ, այլ համագործակցությունն արդյունավետ, արդար դարձնելն է, այդ ընկերությունների շահերը պաշտպանելը, այդ թվում՝ չարաշահումներից», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով. - «Շատ դեպքերում ընկերությունների հետ կնքված պայմանագրերում ժողովրդի շահն ու Հայաստանի շահը հաշվի չի առնված։ Ցավոք, Հայաստանի ներկայացուցիչները ոչ թե Հայաստանի պետության և ժողովրդի շահերից և դիրքերից են հանդես եկել, այլ իրենց անձնական, կլանային և, կներեք, նույնիսկ՝ մաֆիոզ»։

Վարչապետը ֆրանսիական «Քարֆուր» սուպերմարկետի օրինակը բերեց՝ նշելով, որ այն լինելով դաշտում միակ օրինական գործող մեծ խանութը` աստիճանաբար փոքրացել ու հասել էր փակման եզրին: Բայց հիմա, ըստ Փաշինյանի, ստեղծված են բոլոր պայամանները, որ «Քարֆուր»-ը ընդարձակի գործունեությունը Հայաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG