Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն: Վարչապետն օդանավակայանից ուղևորվել է Փարիզի «Երևան» պուրակ, որտեղ ծաղկեպսակ է դրել Կոմիտասի հուշարձանին` հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Այնուհետև վարչապետ Փաշինյանն ընթրիք է ունեցել Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց թվում են եղել Ֆրանսիայի Ազգային ժողովի հայազգի պատգամավորներ, քաղաքական, հասարակական գործիչներ, գործարարներ, արվեստագետներ, մասնավորապես, Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը, Փարիզի 9-րդ թաղամասի փոխքաղաքապետ Ալեքսի Գովճեանը, Ֆրանսիայի կառավարության նախկին անդամ Պատրիկ Դևեջյանը, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը, գործարարներ` Դանիել Քյուրքչյանը, Սերժ Չուրուկը, Վարդան Սրմաքեշը, Արմեն Պետրոսյանը, Ալեն Միկլին, Ֆրանսիայի կինոգործիչների միության նախագահ Ալեն Թերզյանը, աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը և այլք:
Իր խոսքում վարչապետը նշել է, որ այսօրվա միջոցառմանը ֆրանսահայության հռչակավոր զավակների ներկայացվածությունը խորհրդանշում է այն հնարավորություններ, որ այսօր բացվել են Հայաստանի Հանրապետության առջև:
«Ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում, շատ պարզ մի բան. Հայաստանի քաղաքացին և հայ ժողովուրդը սկսեց հավատալ ինքն իրեն. առանցքային փոփոխությունը, որ տեղի է ունեցել` սա է: Կապ չունի, թե ով է իշխանություն և ով ընդդիմություն, Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ժողովուրդն է, և դրա մեջ որևէ չափազանցություն չկա: Այսօր ընդունել եմ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներին, որոնց հետ տեղի ունեցավ հետաքրքիր խոսակցություն. նրանց ասացի, որ Հայաստանի Հանրապետությունում ձևավորվում է կառավարման նոր համակարգ. դա ուղիղ ժողովրդաիշխանությունն է: Քանի որ այս արտահայտությունը թյուրըմբռնումների տեղիք է տալիս, ցանկանում եմ նշել, որ դա ասելով նկատի ունեմ հետևյալը. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ավելի կարևոր մասնակցություն պետք է ունենան երկրի կառավարմանը, մասնավորապես հանրաքվեների միջոցով: Կարծում եմ` Հայաստանում սկսվել է մի նոր գործընթաց, որը կտարածվի աշխարհում: Ուզում եմ հավատալ, որ հայ ժողովուրդը և Հայաստանը ստանձնել են մի դերակատարում, որն ունի գլոբալ նշանակություն, և ես կարծում եմ, որ հայ ժողովուրդն ունի ներուժ, պատմություն և հմտություն աշխարհում նոր համակարգերի ստեղծման ճանապարհին իր դերակատարումն ունենալու համար: Տեսնելով ներկաներին` ուզում եմ հավատալ, որ մեր պետությունը կլինի ժամանակակից քաղաքականության ոչ թե ետնաբեմում, այլ լիդերության իր չափաբաժինը կստանձնի: Հայ ժողովուրդն ունի այդ ներուժը և որպես քրիստոնեությունն առաջինն ընդունած ժողովուրդ` ես ավելի եմ հավատում այդ գաղափարին, որ մենք ունենք շատ ավելի լուրջ և մեծ պոտենցիալ: Մենք մեր ուժերը պետք է մեկտեղենք, և դրա արդյունքում է, որ Հայաստանում տեղի են ունեցել քաղաքական փոփոխությունները, որովհետև թավշյա հեղափոխությունը տեղի է ունեցել ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլև սփյուռքի գործուն մասնակցությամբ: Ի՞նչ նկատի ունեմ մասնակցություն ասելով. հստակ դիրքորոշում և տեսակետ արտահայտելն այս հարցում ամենահզոր գործոնն էր, որ կարող էր փոխել քաղաքական իրավիճակը Հայաստանում: Ինձ համար չափազանց կարևոր է տեղի ունեցածի հոգևոր, մշակութային և քաղաքական բովանդակությունը, որն ինչպես պարզվեց` պետք է միավորեր բոլորիս: Ես հավատում եմ, որ հայ ժողովուրդը նոր դերակատարման փուլ է մտել, և այդ նոր դերակատարումն առաջին հերթին ազատ և երջանիկ հայրենիք կերտելն է: Կարող եմ երաշխավորել, որ այսօր Հայաստանում բոլոր մարդիկ առանց բացառության հավասար են օրենքի առաջ: Երկրում որևէ մեկից որևէ բանով ավելի և պակաս չլինելն այն անկյունաքարն է, որի վրա վրա կառուցվում է մեր նոր իրականությունը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս վերաբերմունքի և ընդունելության համար։ Շատ բաներ դեռ չեն խոսվել, բայց ուզում եմ հավաստիացնել, որ ձեր աչքերի մեջ կարդացի այն ամենն, ինչ կուզեիք ասել, հույս ունեմ, որ իմ աչքերի մեջ տեսաք այն ամենը, ինչ ուզում էիք լսել: Մենք նույն նահապետի հետնորդներն ենք, նույն հայրենիքի զավակներն ենք, նույն երազանքների կրողներն ենք, նույն հաղթանակի կերտողներն ենք և պետք է լինենք միասին»,- ասել է վարչապետը:
Մտքերի փոխանակության ընթացքում վարչապետը պատասխանել է ֆրանսահայ գործիչների տարբեր հարցերի, որոնք վերաբերել են Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին, ժողովրդավարության զարգացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, բիզնես միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը և այլ թեմաների: