Մատչելիության հղումներ

Գերմանիայի ոստիկանությունը մտահոգված է Էրդողանի առաջիկա այցի առնչությամբ


Գերմանիայի և Թուրքիայի դրոշները Բեռլինում՝ կանցլերի գրասենյակի դիմաց, Ռեջեփ Էրդողանի՝ որպես վարչապետ այցի ժամանակ, հոկտեմբեր, 2012թ․
Գերմանիայի և Թուրքիայի դրոշները Բեռլինում՝ կանցլերի գրասենյակի դիմաց, Ռեջեփ Էրդողանի՝ որպես վարչապետ այցի ժամանակ, հոկտեմբեր, 2012թ․

Գերմանական ոստիկանությունը մտահոգված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի Բեռլին կատարելիք առաջիկա այցի առնչությամբ: Թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականի փոխանցմամբ, Բեռլինի ոստիկանությունը դիմել է ներքին գործերի նախարարությանը՝ առաջարկելով արտակարգ դրություն սահմանել մայրաքաղաքում Էրդողանի այցի ընթացքում:

Իրավապահ մարմինները զգուշանում են, որ Թուրքիայի նախագահի այցելությունը կուղեկցվի Քուրդիստանի բանվորական կուսակցության աջակիցների և ձախ խմբերի կողմից պլանավորված հնարավոր ցույցերով և բողոքի ակցիաներով: Գերմանիայում գործող մի շարք կազմակերպություններ, այդ թվում՝ քրդական միություններ, արդեն հայտարարել են սեպտեմբերի 29-ին Բրենդենբուրգյան դարպասների մոտ բողոքի ցույց կազմակերպելու մտադրության մասին:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ գերմանական ոստիկանությունը առաջարկել է նաև հետաձգել սեպտեմբերի 28-ի երեկոյան Բեռլինի օլիմպիական մարզադաշտում նախատեսված «Հերթա» (Բեռլին)-«Բավարիա» (Մյունխեն) ֆուտբոլային հանդիպումը:

Հայտնի է, որ Էրդողանի այցի ընթացքում անվտանգության ապահովման համար ներգրավվել են ոստիկանության շուրջ 10 հազար աշխատակիցներ, որոնց թվում նաև՝ հատուկ ջոկատայիններ:

Վերջին անգամ Բեռլինում արտակարգ դրություն էր մտցվել 2002 թվականին ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի այցի ժամանակ: Քաղաքում «կարմիր» տագնապ էր հայտարարվել, արգելվել էին բոլոր ցույցերն ու հավաքները Բուշի հյուրանոցի և կառավարության շենքի շրջակայքում:

Թուրքիայի նախագահը գերմանացի պաշտոնակից Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով սեպտեմբերի 28-29-ը պաշտոնական այցով կլինի Գերմանիայում: Բեռլինում նախատեսված պաշտոնական հանդիպումներից հետո Էրդողանը հնարավոր է մեկնի Քյոլն, որտեղ կայցելի Թուրքիայի կրոնական գործերի թուրք իսլամական միությանն առընթեր կենտրոնական մզկիթ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG