Վերհիշելով 10 տարի առաջ տեղի ունեցածը՝ Դարբինյանն «Ազատության» հետ զրույցում պատմեց, որ ինքը ընդամենը երկու ամսվա ծառայող էր, երբ փետրվարի 29-ին զորամասում տագնապ հայտարարեցին, ասացին, որ Մարտակերտում դիվերսիա է եղել, պետք է գնան այնտեղ։
Սակայն Ղարաբաղի փոխարեն բերեցին Երևան․ - «Հետո ասեցին՝ Երևան եք գնում: Միտինգների ժամանակ ինչ-որ հատուկջոկատային ա մահացել, գնալուն ենք, որ պետական օբյեկտները պահպանենք: Երևի առավոտվա 4-ին կլինեինք Երևան, Սովետաշենի զորամասում տեղակայվեցինք»:
Գորիսից Երևան շարքային Դարբինյանի հետ ևս մոտ 200-250 զինծառայող էր բերվել՝ հիմնականում սպայական անձնակազմը։
Նախկին զինվորի խոսքով՝ մարտի 1-ի լուսաբացից մինչև մարտի 8-ը իրենք հսկել են Օպերայի շենքի տարածքը։ Նրա փոխանցմամբ՝ երբ հասել են Ազատության հրապարակ, ոստիկաններն արդեն ցրել էին նստացույց հայտարարած ցուցարարներին: Հավելեց, թե զինվորներից ոչ ոք չգիտեր, թե ինչ է իրականում կատարվել մայրաքաղաքում ժամեր առաջ․ - «Հիմնականում ոստիկաններն էին ահավոր վիրավորական խոսքերով խոսում, որ այսինչ գործողություն են արել, ժողովրդին են քշել, դուք էլ եկել եք, լավ եք արել, պըտի մեկս մեկի օգնենք, որ պետության բանը պահենք: Դե ասեցին ապօրինի ցույց էր, ոստիկանները մտել են, ուղղակի ժողովրդին հեռացրել են, որ վերջ: Բայց դե մենք տեսնում էինք, որ վրանները ջարդված, ընտեղ դուբինկաներ կար: Հիշում եմ Լևոն Զուրաբյանի դեմքը․․․ գնում էր ասում էր՝ հո վիրավոր մարդ չկա»:
Նախկին զինծառայողը պնդում է, որ իրենք չեն կրակել ցուցարարների ու քաղաքացիների ուղղությամբ, սակայն հավելում է, որ հրամանատարներն միայն ասել էին՝ կկրակեք ծայրահեղ դեպքում, երբ մարդիկ հարձակվեն ու պաշտպանության միջոց այլևս չլինի։
Դարբինյանն ասում է, որ մարդիկ այդ օրը իրենց հասցեին վիրավորական արտահայտություններ էին անում, բայց սպաների կողմից սերմանվող ատելությունն ավելի մեծ էր․ - «Տասնութ տարեկան էինք, քաղաքական նպատակներ ոչ մեկս չունեինք, չէինք հասկանում ինչ ա քաղաքականությունը: Միանգամից քեզ սրսկում են, որ վսյո՛, իրանք վատն են, մենք պըտի էդ վատերից պահենք մեր քաղաքը»:
2008 թվականի գարնանը Երևանի ամենաթեժ կետերում եղել է նաև Սամվել Սինդոյանը։ Այն ժամանակ ոստիկանության զորքերի 19-ամյա ժամկետային զինծառայողը նախ նախագահական նստավայրն էր պաշտպանում ցուցարարներից, ապա Ազատության հրապարակի տարածքը, իսկ մարտի 1-ի երեկոյան արդեն Մաշտոցի պողոտայում առաջին գծում մասնակցեցին ցուցարարների հետ բախումներին։
«Հրամանը տրվում էր՝ առաջ, առաջ, առաջ, միայն առաջ: Գնացել ենք մինչև ավտոբուսները, որտեղ ավտոբուսներով ժողովուրդը ճանապարհը փակել էր: Հասել են ընդեղ, կանգնել ենք մի որոշակի ժամանակ․․․ ընդի քարեր էին նետում, շշեր էին նետում, կրակոցներ․․․ Մենք շոկի մեջ էինք, չենք ջոկում», - «Ազատությանը» պատմեց Սինդոյանը:
Հարցին, թե ովքեր էին կրակում, նա պատասխանեց, թե իրենք զենք չունեին, միայն մահակներ ու վահաններ։
Լուսարձակող փամփուշտներով կրակում էին օդ՝ դեպի ցուցարարները և այդ ամենը տեղի էր ունենում զորքի մեջքի հետևում․ - «Զինվորականներ էին կամ եսիմ ոստիկանությունն էր․․․ չգիտեմ էլի: Մեր հետևի կողմից էր էդ կրակոցները գնում»:
Երկու օր առաջ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը աղմկահարույց հայտարություն արեց՝ 2008 թվականի մարտի 1-ին Լեոյի փողոցում բանակը կրակել է մարդկանց բնակարանների ուղղությամբ։
Սինդոյանից հարցրեցինք՝ արդյոք ինքն ականատես է եղել նման երևույթի․ - «Իմեննո չեմ տեսել, թե ինչ ուղղությամբ են կրակել, բայց կրակոցներ լիքը եղել ա»:
Նա այդ օրը գլխուղեղի ու ողնաշարի վնասվածքներ էր ստացել։ Հիշում է, որ երբ ցուցարարաները սկսեցին հրդեհել մեքենաները, նահանջի հրաման եղավ, ինքը փորձեց օգնել գետնին ընկած վիրավոր զինվորերից մեկին ու աջ կողմից գլխին ուժեղ հարված ստացավ։ Արդյո՞ք ցուցարարներին էին հարվածել հարցին արձագանքում է՝ նրանք մեզանից 50 մետր հեռավորության վրա էին․ - «Հնարավոր չէր, որ դա ժողովուրդը ըլներ, որովհետև ժողովուրդը ինձանից շատ հեռու էր․․․ Կային ոստիկաններ, ուրիշ ոչ ոչ չի եղել մեր կողերը»:
Նա չբացառեց, որ իրեն հենց ոստիկաններն են հարվածել:
Նախկին զինծառայողները խոսեցին նաև ԱԱԾ պետի այն հայտարարությունից, որ փետրվարի 23-ից հետո մինչև մարտի 7-8 ընկած ժամանակահատվածը, օլիգարխների կողմից բանակի զինվորներին բաժանվել են գումարներ, որպեսզի նրանք պաշտպանեն իրենց, իրենց ունեցվածքը, իրենց քաղաքական նկրտումները։
Թե՛ Սամվել Սինդոյանը, թե՛ Սերգեյ Դարբինյանն ասացին, թե նման բան չեն լսել։ Դարբինյանը, սակայն, հավելեց, որ երբ վերադարձել են զորամաս, սպաները միանգամից արձակուրդ են գնացել։