ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ օտարերկրացիները կպատժվեն Միացյալ Նահանգների ընտրություններին միջամտելու դեպքում: Այդուհանդերձ, դեմոկրատները և որոշ հանրապետականներ պնդում են, որ այս գործընթացն առաջ չի գնում և հասցեատերը չի նշվում:
Երեկ ստորագրված հրամանագիրը հետևանք է Թրամփի և նրա վարչակազմի հասցեին հնչող քննադատությունների՝ 2016 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Ռուսաստանի հավանական միջամտության հետ կապված:
Ռազմական և իրավապահ կառույցները զգուշացրել են, որ նոյեմբերի 6-ին տեղի ունենալիք Կոնգրեսի ընտրությունները ևս կարող են վտանգված լինել:
Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն ասել է, որ հրամանագիրը պետությանը և գանձապետարաններին տվեց համապատասխան պատժամիջոցների որոշման իրավասություն, որի միջոցով հնարավոր կլինի հաշիվներ սառեցնել, սահմանափակել ճամփորդությունը:
Այդուհանդերձ, ամերիկացի իրավաբանները պնդում են, որ Թրամփի նոր հրամանագիրը բավականաչափ լավ չի պաշտպանում ամերիկյան ընտրական համակարգը: