Մատչելիության հղումներ

Վարչապետը ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դեսպանների հետ քննարկել է Ամուլսարի հարցը


Լուսանկարը՝ Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջի
Լուսանկարը՝ Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսին և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Մարգրեթ Ֆարնուորթին:

Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են տարբեր ոլորտներում ընթացիկ համագործակցությունը և դրա զարգացման հեռանկարները: Արծարծվել են համատեղ ծրագրերին, այդ թվում՝ Ամուլսարի ներդրումային ծրագրի ընթացքին և «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության գործունեությանը վերաբերող հարցեր:

Ամերիկա-բրիտանական «Լիդիան Արմենիա» ընկերությունը Ամուլսարի ոսկու հանքի շինարարությունը սկսել է երկու տարի առաջ՝ հայտարարելով, որ կներդնի ավելի քան 400 միլիոն դոլար:

Ջերմուկ քաղաքի և հարակից գյուղերի մի խումբ բնակիչներ ու բնապահպաններ արդեն մի քանի ամիս է փակ են պահում Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհները՝ պահանջելով դադարեցնել աշխատանքները: Նրանք պնդում են, որ հանքի շահագործումը կարող է հանգեցնել բնապահպանական աղետի: «Լիդիան Արմենիա»-ն վստահեցնում է, որ բնապահպանական որևէ վտանգ չկա:

Հայաստանի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, «Լիդիան Արմենիա»-ում իրականացված ստուգման արդյունքներով, բնապահպանության նախարարությանն առաջարկել է ուժը կորցրած ճանաչել 2016 թվականի ապրիլին հաստատված պետական փորձաքննական եզրակացությունը և «Լիդիան Արմենիա»-ին հանձնարարել է ձեռնպահ մնալ Ամուլսարի հանքավայրում ընդերքօգտագործման հետ կապված որևէ գործողություն կատարելուց մինչև նոր փորձաքննության իրականացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG