Մատչելիության հղումներ

Իսրայելի պաշտպանության նախարարն այսօր պաշտոնական այցով կժամանի Ադրբեջան


Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերման, արխիվ
Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերման, արխիվ

Այսօր պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանում Իսրայելի պաշտպանության նախարարը:

Պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ, այցի ընթացքում Ավիգդոր Լիբերմանը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և կառավարության այլ ներկայացուցիչների հետ՝ քննարկելու տարածաշրջանային անվտանգության հարցերն ու ռազմատեխնիկական ոլորտում իսրայելա-ադրբեջանական համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները:

Վերջին տարիներին Բաքուն և Թել Ավիվն ակտիվ համագործակցում են հատկապես ռազմատեխնիկական ոլորտում: Ադրբեջանն իսրայելական արտադրության զենքի մշտական գնորդներից է: Միայն վերջին տարիներին ադրբեջանական կառավարությունը շուրջ 1 միլիարդ 600 միլիոն դոլարի զենք է ձեռք բերել Իսրայելից, որն, ըստ պաշտոնական Բաքվի, կիրառվել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում:

Ադրբեջանական բանակի վերջին ձեռքբերումներից մեկն իսրայելական LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրն է, որը կարող է կիրառվել ինչպես ցամաքում, այնպես էլ ծովում: Այն օգտագործվում է ենթակառուցվածքների, հակաօդային պաշտպանության համակարգերի ոչնչացման նպատակով և ի վիճակի է խոցել մինչև 300 կմ հեռավորության վրա գտնվող թիրախներ:

Իսրայելա-ադրբեջանական այս ռազմական գործարքը կնքվել է դիվանագիտական սկանդալի ֆոնին. չնայած իսրայելական ռազմաարդյունաբերական հսկայի նկատմամբ քրեական հետապնդումներին, համաձայնագիրն այդուհանդերձ կնքվեց, և LORA համալիրը ցուցադրվեց ադրբեջանական վերջին ռազմական շքերթներից մեկի ժամանակ:

Իսրայելի դատախազությունը, հիշեցնենք, շաբաթներ առաջ հայտարարել է, որ պատրաստվում է պաշտոնական մեղադրանք առաջադրել մարտական անօդաչու թռչող սարքեր արտադրող Aeronautics Defense Systems ընկերության բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք, ըստ իսրայելական մամուլի հրապարակումների, անցած տարի հավանություն էին տվել Ադրբեջանի պահանջներին ու սեփական արտադրության անօդաչու սարքի կարողությունները ցույց տալու համար դրանք գործածել հայ զինվորների դեմ: Հայկական կողմի պնդմամբ` հարձակման հետևանքով երկու զինվոր էր վիրավորվել։

Մինչ իսրայելական իրավապահ մարմինները մեղադրանք կառաջադրեն ավելի քան մեկ տարվա վաղեմության այդ միջադեպի պատասխանատուներին, Միացյալ Նահանգներում գործող հայկական ամենաազդեցիկ կազմակերպություններից մեկը՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն անցյալ շաբաթ դիմել է ամերիկյան դիվանագիտական գերատեսչությանը՝ պահանջելով սեփական հրապարակային քննությունն անցկացնել իսրայելական զենքի կիրառմամբ տեղի ունեցած այդ միջադեպի հարցով:

Հանձնախումբը կասկածներ ունի, որ այդ դրոնները, ինչպես նաև իսրայելական արտադրության պաշտպանական մյուս համակարգերը, որոնք Ադրբեջանը գործածում է Արցախի և Հայաստանի դեմ, կարող են պարունակել ամերիկյան տեխնոլոգիաներ, ինչը, կազմակերպության պնդմամբ, հակասում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, պատերազմի վերսկսումը զսպելու և սպառազինությունների մրցավազքը կանխելու՝ Վաշինգտոնի ջանքերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG