Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա այս հրահանգից հետո, հասարակության շրջանում օլիգարխի համբավ ունեցող պատգամավորներն այսօր միաբերան պնդում էին, թե մտահոգվելու առիթ չկա, իրավապահներն իրենց մոտ անելիք չունեն։
Գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր նախ զարմացավ, թե ինչու հենց իրեն է տրվում օլիգարխների վերաբերյալ հարցը, հետո մատնացույց արեց իր հետ քայլող միլիոնատեր այլ պատգամավորների․ - «Ես օլիգարխ չեմ, ես թիկնապահ չունեմ»:
Գյումրու նախկին քաղաքապետ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանն ում անունը պարբերաբար կապվում էր աղմկահարույց մի շարք քրեական գործերի հետ, այսօր ասաց, թե իրավապահներն այլ տեղում անելիք ունեն․ - «Ժողովուրդը լավ գիտի ով է օլիգարխ, ով օլիգարխ չի: Ձեր տերերն են օլիգարխ»:
Երեկ երեկոյան տեղի ունեցած հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը, օլիգարխներին վերաբերող ևս մեկ բացահայտման մասին տեղեկացրեց․ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ օլիգարխների հաշվեհամաներից տասնյակ միլիոն դրամներներ են փոխանցվել զինվորականներին։ ՀՔԾ այս փաստը փաստատող մի մատյան է հայտնաբերել ու առգրավել։
Օլիգարխի համբավ ունեցող այլ պատգամավորներ, «ՍԱՍ» սուպերմարկետների սեփականատեր Արտակ Սարգսանը, դրամային միլիարդատեր Արկադի Համբարձումյանն ու Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը այսօր նույնպես նշում էին, որ իրավապահներն իրենց չեն այցելել, ՀՔԾ հայտնաբերած մատյանում իրենց անունները չեն կարող լինել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հրահանգից հետո մինչև այժմ ո՛չ ԱԱԾ-ն և ո՛չ էլ ոստիկանությունը օլիգարխներին զինաթափելու վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չեն հրապարակել։