Մատչելիության հղումներ

«Կադանսի» բարեգործական համերգի հասույթը կուղղվի «Սասունցիներ» որմնանկարի վերականգնմանը


Մեր լավագույն գեղանկարիչներից մեկի՝ Սարգիս Մուրադյանի «Սասունցիներ» խորագրով մեծադիր կոթողային որմնանկարը գտնվում է Արմավիրի մարզի Ապագա գյուղի նախկին Մշակույթի տան՝ ներկայիս գյուղապետարանի նախասրահում:

1974-ին ծնունդ առած որմնանկարը վերանորոգման կարիք ունի ոչ միայն մեր, այլ նաև Իտալիայից ժամանած մասնագետների՝ Արա Պոլո Զարյանի և Քրիստին Լամուղի համոզմամբ:

Սարգիս Մուրադյանի դուստրը՝ Զարուհի Մուրադյանը պատմեց․ - «Իտալիայից ստանում եմ նամակ, որտեղ գրված է՝ հարգելի Զարուհի, մենք տպավորված էինք բուկլետով և տաքսիով գնացինք Ապագա գյուղ: Տեսանք այդ հրաշալի աշխատանքը և որոշեցինք մեր աշխատանքային փաստաթուղթը պատրաստենք»:

Իտալացի մասնագետները պատրաստ են վերականգնման աշխատանքներն իրականացնել անվճար, սեփական միջոցներով: Նրանք արդեն իսկ ուսումնասիրել և մշակել են որմնանկարի վերականգնման նախագծահաշվարկային փաստաթղթերը, բայց որմնանկարի վերականգնման համար, բնականաբար, այս ամենը բավարար չէ: Միջոցներ են անհրաժեշտ նյութերի գնման, կեցության և ճանապարհային ծախսերի համար:

Եվ ահա մի ուշագրավ համագործակցության շնորհիվ ծնունդ է առնում «Արվեստը արվեստի համար» ծրագիրը՝ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի, Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի, Սարգիս Մուրադյանի դստեր՝ գեղանկարչուհի, «Սարգիս Մուրադյան» պատկերասրահի տնօրեն Զարուհի Մուրադյանի և «Կադանս» անսամբլի հիմնադիր Նիկա Բաբայանի նախաձեռնությամբ:

Սեպտեմբերի 17-ին Արամ Խաչատրյան համերգասարհում տեղի կունենա «Կադանս» անսամբլի բարեգործական համերգը, որից ստացված ողջ հասույթը կհատկացվի Սարգիս Մուրադյանի «Սասունցիներ» եռամաս որմնանկարի վերանորգման աշխատանքներին:

Այսօր հրավիրված ասուլիսին Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը շեշտեց, որ Նիկա Բաբայանն անմիջապես արձագանքել է իրենց առաջարկին․ - «Աստված տա, մեր համագործակցությունը ամսի 17-ին ունենա լավ, գեղեցիկ, շռնդալից արդյունք: Բոլոր դեպքերում դա չի նշանակում, որ արդյունքը ստացանք, էդ էջը ծալեցինք ու անցանք առաջ: Դա նշանակում է, որ մենք կարողացանք անել նոր բան Հայաստանի համար»:

«Դա համարում ենք մեծ պատիվ, հաճույքով երաժիշտները համաձայնեցին: Իմ կարծիքով, կլինի շատ հետաքրքիր համերգ», - ասաց Միկա Բաբայանը:

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ընդգծեց, որ խիստ խորհրդանշական է և կարևոր նմանօրինակ աջակցության ձևաչափը․ - «Օգնել արվեստի մի ճյուղին՝ օգտագործելով մյուս ճյուղի ռեսուրսները։ Սա, կարծում եմ, շատ կարևոր մշակույթ է: Ինձ համար շատ ուրախալի է, որ վերջին շրջանում նման երևույթները շատացել են»:

Մարկ Գրիգորյանի համոզմամբ, մեր քաղաքականացված աշխարհում արվեստի նշանակությունը ավելի է բարձրանում․ - «Որովհետև դու չես կարող ապրել միայն քաղաքականությամբ: Դա հնարավոր չէ, չի կարելի և ճիշտ չի»:

Զարուհի Մուրադյանն ասաց, որ որմնանկարի վերանորոգման համար տարիներ շարունակ դիմել էին Մշակույթի նախարարություն, բայց ապարդյուն․ - «Մի հինգ տարի առաջ ես գնացի ապագա, տեսա նկարի վիճակը: Ողբերգական չէր, բայց անմիջապես պետք էր սկսել ամրակայման աշխատանքներ: Մենք սկսեցինք գյուղապետարանի հետ դիմել նախարարություն, և պարզվեց, որ նախարարությունում նույնիսկ չգիտեին, որ այսպիսի որմնանկար կա: Ապագա գյուղը այնքան էլ հեռու չի Երևանից, շատ կուզեի, որպեսզի հանրությունը ուղղակի այցելեր, որովհետև ոչ մի բան չի համեմատվի իրական պատկերի հետ: 74 քառակուսի մետրանոց այդ որմնանկարը շատ տպավորիչ է: Պարզվեց, որ Ադրբեջանի կոմկուսը բողոք նոտա էր հղել Հայաստանի կենտկոմ այս ֆրեսկայի համար»:

Մարկ Գրիգորյանը պատմեց․ - «Երբ որ այս որմնանկարը արդեն պատրաստ էր, պետական հանձնաժողովը պիտի ընդուներ աշխատանքը: Եկան պետական այրեր, կոմունիստական կուսակցությունից ինչ-որ մարդիկ, նայեցին-նայեցին, ասացին՝ հա, շատ լավն ա էս որմնանկարը, բայց էն մարդը ոնց որ Անդրանիկին շատ նման լինի: Մի բան արեք, չի կարելի: Նկարիչը ասեց՝ չեմ ուզում․․․ Վերջը ստիպեցին․․․ Վերցրեցին սկոտչով փակեցինք բեղերը, վրայից ներկեցին, հանձնաժողովը եկավ, ասեց՝ այ, հա, այ հիմա լավ է»:

Պատասխանելով «Ազատության» հարցին, թե այսօր Հայաստանում քանի որմնանկար վերանորոգման կարիք ունի, Մշակույթի նախարարն ուշագրավ տվյալներ ներկայացրեց․ - «Հայաստանի Հանրապետությունում կա շուրջ 2 հազար 500 հուշարձան, որը ներառում է նաև որմնանկարները: Բոլոր հուշարձանները այս կամ այն չափով, այս կամ այն աստիճանով պահպանության և վերականգնման կարիք ունեն: 2500 հուշարձանի համար տարեկան հատկացվող գումարը եթե մենք բաժանենք յուրաքանչուր հուշարձանի, ապա տարեկան մենք կարող են ամեն հուշարձանին հատկացնել 10 հազար դրամ: Սահմանափակվել միայն Մշակույթի նախարարության բյուջեով, դա նշանակում է, որ շատ չնչին գործ ենք կատարելու: Չենք հրաժարվում և շարունակելու ենք անել՝ ճիշտ պլանավորելով, բայց միևնույն ժամանակ ներգրավելով որքան հնարավոր է շատ գործընկերներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG