Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Ռուսաստանի իրավապահները պարզել են՝ ովքեր են Ալեքսանդր Պետրովն ու Ռուսլան Բոշիրովը, որոնց Լոնդոնը մեղադրում է Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը նյարդապարալիտիկ նյութով թունավորելու մեջ: «Նրանք քաղաքացիական անձինք են», - հայտարարել է Ռուսաստանի առաջնորդը Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ:
«Մենք իհարկե, հետաքրքրվել ենք՝ ովքեր են այդ մարդիկ, և գիտենք, գտել ենք նրանց: Ոչ մի առանձնահատուկ և քրեական բան չկա, հավատացնում եմ ձեզ», - ասել է Պուտինը՝ կարծիք հայտնելով, թե կասկածյալները կարող են առաջիկայում լրատվամիջոցներին ներկայացնել տեղի ունեցածի վերաբերյալ իրենց վարկածը:
Մեծ Բրիտանիայի դատախազությունը անցած շաբաթ հայտարարեց, թե Սկրիպալներին թունավորել են Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր հետախուզական վարչության՝ ГРУ-ի գործակալներ Ալեքսանդր Պետրովն ու Ռուսլան Բոշիրովը: Բրիտանական կողմը հրապարակել է բազմաթիվ լուսանկարներ, որտեղ երևում է՝ ինչպես են վերջիններս ժամանում Լոնդոն, մեկնում Սոլսբերի, ապա թունավորման հաջորդ օրն իսկ վերադառնում Ռուսաստան:
Լոնդոնը պնդում է, թե հարձակման ետևում կանգնած են Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները, Մոսկվան չի ընդունում մեղադրանքները: