Սեպտեմբերի վերջին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նիստաշրջանին։ Այդ մասին այսօր «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը։
«Նախատեսվում է վարչապետի այցելություն Նյու Յորք, մասնակցություն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, նաև նրա ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, բարձր մակարդակով քննարկումներին։ Նաև նախատեսված են երկկողմ հանդիպումներ, որոնց մասին հավելյալ կտեղեկացնենք», - ասաց Բալայանը։
Թե ինչ երկկողմ հանդիպումների մասին է խոսքը, ԱԳՆ խոսնակը չմանրամասնեց։
Վարչապետի՝ Նյու Յորքում նախատեսված երկողմ հանդիպումների մասին տեղեկություններ չփոխանցեց նաև վարչապետի խոսնակ Արման Եղոյանը։
Բալայանն այսօր ասուլիսի ժամանակ ասաց, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորք է մեկնելու նաև Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։