Մատչելիության հղումներ

«Ամենավտանգավոր և ամենակործանարար բանը «մեր դեմ խաղ չկա» բանաձևն է»․ Նաիրա Զոհրաբյան


Երևանի Դավթաշեն, վարչական շրջանում այսօր տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզարշավը:

Իր ելույթում կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը մի քանի անգամ անուղղակիորեն անդրադարձավ «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հայտնի ելույթին, որտեղ նա խոսել էր «սևերի ու սպիտակների» մասին, ինչպես նաև հայտարարել էր՝ «մեր դեմ խաղ չկա»:

«Ամենավտանգավոր և ամենակործանարար բանը «մեր դեմ խաղ չկա» բանաձևն է», - հայտարարեց Զոհրաբյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը նաև նշեց, որ ներդրողները չեն գա մի երկիր, որտեղ անընդհատ հեղափոխականներ և հակահեղափոխականներ են որոնվում:

Նաիրա Զոհրաբյանը անդրադարձավ Երևանի խնդիրներին՝ վերելակների հարց, տրանսպորտի հարց, աղբահանության հարց, և ասաց, որ իրենց ընտրվելու դեպքում բոլոր այդ հարցերը կլուծվեն, քանի որ արդեն կան կոնկրետ ներդրողներ:

«Լուծումներ ներկայացնելուց բացի մենք ներկայացնում ենք կոնկրետ ներդրողների՝ կոնկրետ ներդրումային ծրագրերով», - նշեց նա:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ավագանու թեկնածու Պետրոս Ղազարյանը «Ազատության» հետ զրույցում, անդրադառնալով ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների այսօր հրապարակված աղմկահարույց հեռախոսազրույցին և դրան հետևած մամուլի ասուլիսին, նշեց, որ Մարտի 1-ի հարցով բացահայտումները իրենց չեն զարմացնում, այն առումով, որ դա ուժային այդ կառույցների աշխատանքն է և նրանք պարտավոր են դա անել: Փոխարենը՝ Ղազարյանն ասաց, թե ինքը չստացավ գաղտնալսումների հրապարակման հետ կապված իրեն հուզող հարցերի պատասխանները։

«Հասարակությունը էսօր այլ հարցերի պատասխան էր ուզում լսել: Օրինակ, ասում է՝ դատավորը ինձ զանգեց, ես դատավորին ասացի գնա պատրաստվի՝ ուզես֊չուզես փակելու ենք, կզանգես, կզեկուցես: Պարզաբանում պետք է՞, թե չէ: Դուք լսեցի՞ք պարզաբանում այդտեղ», - նշեց նա՝ շարունակելով․ - «Մարտի 1-ով լավ են արել, թող էլի բացահայտեն, ավելի շատ բացահայտեն, բայց այդ հարցերը օդի մեջ են մնում: Հետո՝ դուք պատկերացնո՞ւմ եք՝ երկու կարևորագույն մարմինների ղեկավարները բաց հեռախոսով նստած խոսում են: Բա մեր պետական գաղտնիքները․․․ ուզում եմ էս հարցերի պատասխանները լսեմ: Փոխարենը՝ իրենք մեզ ասում են, որ Մարտի 1-ի հարցով մենք լուրջ բացահայտումներ ենք արել: Լավ եք արել, շատ բացահայտեք, երկու ձեռքով կողմ ենք, բայց ի՞նչ կապ ունի դա ձեր խոսակցության հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG