Մատչելիության հղումներ

Ջոն Բոլթոն. «Սիրիայում քիմիական նոր հարձակումը կարժանանա շատ կոշտ հակազդեցության»


Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոն, Վաշինգտոն, 10-ը սեպտեմբերի, 2018թ․
Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոն, Վաշինգտոն, 10-ը սեպտեմբերի, 2018թ․

Պաշտոնական Վաշինգտոնը զգուշացնում է` Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հավատարիմ ուժերի կողմից Իդլիբում քիմիական զենքի ցանկացած կիրառում արժանանալու է Արևմուտքի ամենակոշտ արձագանքին: Այս մասին երկուշաբթի երեկոյան Վաշինգտոնում կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը:

«Ինչ վերաբերում է Սիրիայում առկա քիմիական զենքի խնդրին, ապա կարող եմ ասել, որ Թրամփի վարչակազմը երկու անգամ` 2017 թվականի ապրիլին և այս տարվա ապրիլին, երբ անհերքելի ապացույցներ էին առկա, ուժ է կիրառել սիրիական ռեժիմի դեմ: Այդ քայլին մենք դիմել ենք զանգվածային ոչնչացման զենքի օգտագործման պատճառով, որը Թրամփի վարչակազմը անընդունելի է համարում: Մենք փորձել ենք նաև հստակ ուղերձ հղել, որ եթե լինի քիմիական զենքի երրորդ օգտագործումը, ապա պատասխանը շատ ավելի կոշտ է լինելու: Մենք այս հարցը արդեն իսկ քննարկել ենք բրիտանացիների և ֆրանսիացիների հետ, որոնք միացել էին մեր երկրորդ հարվածին: Նրանք համակարծիք են, որ քիմիական զենքի ևս մեկ կիրառումը շատ ավելի ուժեղ հակազդեցության պետք է արժանանա», - հայտարարում էր Ջոն Բոլթոնը` անդրադառնալով նաև Մոսկվայից հնչող այն պնդումներին, թե սիրիական ընդդիմությունը իբր ինքն է քիմիական զենք կիրառելու խաղաղ բնակչության դեմ` մեղքը Բաշար Ասադի կառավարության վրա բարդելով:

«Ռուսաստանի իշխանությունները և մյուսները հայտարարում են, թե մենք «Ալ-Ղաիդա»-ին թույլատրելու ենք, որպեսզի այն քիմիական զենք կիրառի` հետագայում դրանում մեղադրելով սիրիական իշխանություններին: Սա թերևս ամենավրդովեցուցիչ մեղադրանքն է, որ ես կարող եմ մտաբերել 20-րդ և 21-րդ դարերի քարոզչության պատմության ողջ ընթացքում», - հայտարարում էր Բոլթոնը:

Վաշինգտոնից հնչող հայտարությունների ֆոնին կառավարական ուժերի` Իդլիբում սպասվող հարձակումը կանխելու կոչով հանդես են գալիս նաև Թուրքիայի իշխանությունները: Այս հարցում պաշտոնական Անկարան միանշանակորեն համակարծիք է ամերիկացիների և եվրոպացիների հետ:

«Աշխարհը պետք է կանգնեցնի Ասադին», - այսպես է վերնագրված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի` ամերիկյան The Wall Street Journal-ում հրապարակված հոդվածը: «Իդլիբում շուրջ երեք միլիոն մարդ է բնակվում: Այս շրջանի ուղղությամբ հարձակումը կարող է մարդասիրական և աշխարհքաղաքական աղետի վերածվել», - գրում է Թուրքիայի նախագահը: Էրդողանը նաև քննադատում է ամերիկյան կողմին` բացառապես քիմիական զենքի կիրառման փաստի վրա կենտրոնացած լինելու համար:

«Միջազգային համաձայնագրերով թույլատրված, կոնվենցիոնալ սպառազինության կիրառման հետևանքով ավելի շատ մարդ է զոհվում», - The Wall Street Journal թերթում գրել է Էրդողանը:

Իդլիբից ստացվող տեղեկությունների համաձայն՝ ռուսական օդուժն ու Սիրիայի կառավարական բանակը արդեն մի քանի օր է ինչ շարունակում են ռմբակոծել ճակատային գծին մոտ գտնվող բնակավայրերը: Երեկ սիրիական բանակի ուղղաթիռները հարվածներ հասցրեցին Լաթամնեհ և Քաիֆ -Զեյթա քաղաքներին: Սիրողական տեսագրություններում հստակ երևում է, որ օդային հարվածներից տուժածների թվում նաև խաղաղ բնակիչներ կան` այդ թվում երեխաներ:

ՄԱԿ-ի ներկայացուցիչները ևս զգուշացնում են` լարվածության հետագա խորացումը Իդլիբում կարող է աննախադեպ լուրջ մարդասիրական աղետի հանգեցնել:

«Հարկավոր է գտնել այս խնդրի լուծման ուղիները, քանի որ հակառակ պարագայում Իդլիբում ստեղծված կացությունը առաջիկա ամիսներին կարող է վերածվել 21-րդ դարում արձանագրված վատթարագույն մարդասիրական աղետի` զոհերի աննախադեպ մեծ թվով: Մենք պարտավոր ենք քայլեր ձեռնարկել, մենք չպետք է թույլ տանք, որպեսզի Իդլիբում առաջիկայում մեծ զոհեր լինեն»,-- Ժնևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարում էր արտակարգ իրավիճակների գծով ՄԱԿ-ի համակարգող Մարկ Լոուկոքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG