«Իմ Քայլը» դաշինքն այսօր քարոզարշավը սկսեց Դավթաշեն վարչական շրջանում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակից, քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն ավագանու մյուս թեկնածուների հետ այսօր էլ նախընտրեց շրջել բակերով՝ երևանցիներին կոչ անելով անպայաման մասնակցել ընտրություններին, և խոստանալով արդարացնել նրանց հույսերը:
Աղբահանություն, կանաչ տարածքներ, տրանսպորտ․ Մարությանի գլխավորած դաշինքը վստահեցնում է, որ հաղթանակի դեպքում լուծելու է մայրաքաղաքում առկա այս հիմնական խնդիրները․ - «Անկախ նրանից, թե որ ոլորտից ես գայի և սկսեի իմ այս գործունեությունը՝ նույնն էր մոտեցումը լինելու, այսինքն ծայրահեղ պատասխանատվությամբ էի վերաբերելու դրան»:
Հայկ Մարությանի համոզմամբ՝ սեպտեմբերի 23-ին կայանալիք մայրաքաղաքի ավագանու ընտրությունները լինելու են ամենաարդարը վերջին երկու տասնամյակում․ - «Ժողովուրդը արեց հեղափոխություն, և սա արվեց հենց նրա համար, որ այս ընտրությունների լինեն ազատ, արդար և թափանցիկ: Եվ վստահ եմ, որ հենց ժողովուրդն է պարտադրելու, որ այդ ընտրությունները լինեն թափանցիկ: Ժողովրդի կամքով է դա լինելու: Այս անգամ իրավապահ մարմիններն իրենց գործառույթն են իրականացնելու, այլ ոչ թե հակառակը՝ քողարկելու այն, ինչ կատարվում է»:
Դաշինքը Դավթաշենում քարոզարշավը կամփոփի երեկոյան նախատեսված հանրահավաքով, որին կմասնակցի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: