Մատչելիության հղումներ

Մոսկվայում 30 օրով կալանավորվեց թալիշական շարժման ամենահայտնի գործիչներից մեկը


Ադրբեջանում բնակվող ամենամեծ ազգային փոքրամասնություններից մեկի` թալիշների շարժման ղեկավարներից Ֆահրոդին Աբոսզոդան առաջիկա 30 օրերը կանցկացնի Մոսկվայի մարզի քննչական մեկուսարաններից մեկում: Նրա կալանավորման մասին հայտնի դարձավ երեկ։

Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ, սակայն, թալիշ գործիչը ձերբակալվել էր դեռ սեպտեմբերի 6-ին` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Սոչիում կայացած հանդիպումից մի քանի օր անց:

Սեպտեմբերի 7-ին արդեն մերձմոսկովյան Լյուբերցի քաղաքի առաջին ատյանի դատարանը Աբոսզոդայի համար որպես խափանման միջոց ընտրեց մեկամսյա կալանքը:

Ադրբեջանական «Թուրան» գործակալության տեղեկություններով՝ Աբոսզոդային ձերբակալել են Ադրբեջանի իշխանությունների պահանջով. այս տարվա հուլիսի 12-ին նրա դեմ Բաքվում քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակներում Աբոսզոդային երկու` ազգամիջյան թշնամանքի հրահրման և պետականության դեմ կոչեր հնչեցնելու մեղադրանք է առաջադրվել:

Ադրբեջանի դատախազությունը Աբոսզոդայի նկատմամբ նաև միջպետական հետախուզում էր հայտարարել:

Նա թալիշական շարժման ամենահայտնի գործիչներից է, Բաքվի պետական համալսարանի նախկին այս դասախոսը 90-ականների սկզբին դաշտային հրամանատար Ալիքրամ Հումաթովի հետ միասին ակտիվորեն մասնակցում էր Թալիշ-Մուղանյան ինքնավար հանրապետության ստեղծմանը` հանդիսանալով ինքնահռչակ այդ կազմավորման խորհրդարանի նախագահը:

1994-ին` թալիշական ինքնավարության հռչակման անհաջող փորձից հետո, Աբոսզոդան արտագաղթել էր Ռուսաստան, որտեղ շարունակել էր ակտիվ գործունեություն ծավալել Ադրբեջանի իշխանությունների կողմից թալիշների ասիմիլացմանն ուղղված քաղաքականության դեմ:

2002 թվականին Աբոսզոդան Սանկտ Պետերբուրգում հիմնադրում է «Թալիշ» կոչվող թերթը, հետագա տարիներին մասնակցում թալիշական խնդրին նվիրված միջոցառումներին, այդ թվում՝ 2005-ին Երևանում կազմակերպված Թալիշագիտության առաջին միջազգային համաժողովին:

Նույն 2005-ին Իլհամ Ալիևի կողմից հայտարարված համաներման արդյունքում Աբոսզոդան վերադարձավ Ադրբեջան, սակայն 2007-ին՝ նոր քրեական գործի հարուցումից հետո, թալիշ գործիչը կրկին լքեց Ադրբեջանը` տեղափոխվելով Ռուսաստան:

2010 թվականին Ռուսաստանի կողմից Աբոսզոդային ժամանակավոր ապաստան տրամադրվեց, իսկ 2014 թվականին` մշտական կեցության իրավունք:

Առաջիկա շաբաթներին Ռուսաստանի իշխանությունները պետք է վերջնական որոշում կայացնեն` արդյո՞ք հարկավոր է բավարարել Աբոսզոդային Ադրբեջան արտահանձնելու Բաքվի պահանջը, թե՞՝ ոչ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG