Մատչելիության հղումներ

Քոչարյանի օրոք հայտարարված երկնիշ տնտեսական աճը առնվազն 2․5 անգամ ուռճացված է․ տնտեսագետ


Ռոբերտ Քոչարյանի օրոք գրանցված երկնիշ տնտեսական աճն իրականում պարզ մանիպուլյացիայի հետևանք է, պնդում է հայտնի տնտեսագետը:

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը, ով 34 մենագրությունների և 325 գիտական հոդվածների հեղինակ է, հայտարարում է, որ Հայաստանի երկրորդ նախագահի կառավարման տարիներին պետական մարմինների հայտարարած երկնիշ տնտեսական աճն առնվազն 2.5 անգամ ուռճացված է և իրականության հետ կապ չունի:

«Պարզապես այդ թվերը ստացվել են 1990 թվականի վիճակագրական բազան փոխելու միջոցով», - «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց տնտեսագետը՝ մանրամասնելով․ - «Պատկերացրեք՝ որևէ երկրում ՀՆԱ-ի մակարդակը 100 միավոր է, 5 միավոր եթե աճ է լինում, ստացվում է 105, 100 բազային միավորը եթե իջեցնում եք 50, այդ 5 միավորը դառնում է արդեն 10 տոկոս: Մեր իրականությունում թիվը փոխվել է ավելի շատ՝ 2․53 անգամ»:

Մարկոսյանի խոսքով՝ հարավկովկասյան երկրներից նման փոփոխություն արել են նաև ադրբեջանցիները, բայց՝ քիչ, 0․5 գործակցով: «Ի դեպ, վրացիները չեն փոփոխել, և պատահական չէ, որ 2017 թվականի Վրաստանի ՀՆԱ-ի մակարդակը 90 թվականի մակարդակի 93 տոկոսն է կազմում: Մինչդեռ երբ դուք վերջին տարիներին լինում եք Վրաստանում, տեսնում եք առկա այդ հսկայական փոփոխությունները», - նշեց տնտեսագետը:

«Սա, ուրեմն, մի փաստ, որ բազայի փոփոխությունը բերել է բարձր աճի: Բայց, այնուհանդերձ, մենք պետք է խոստովանենք, որ այդ վիճակագրական տվյալները, որոնք կան, հատկապես՝ սկսած 2001 թվականից մինչև 2008 թվականը, երկնիշ թվեր են, և միջին հաշվով ստացվում է 10․5 տոկոս: Բայց եթե մենք այդ ճշգրտումը կատարենք, Քոչարյանի ժամանակ, այո, եղել է աճ, բայց՝ ոչ այդ չափի, այսինքն՝ 10․5-ը եթե բաժանում եք 2․53-ի, ստացվում է 4․15, իսկ այդ աճը նույնպես բարձր է», - ընդգծեց տնտեսագետը և շարունակեց․ - «Ինչի՞ հաշվին է ձեռք բերվել: Բոլորին հայտնի է, դա նույնպես գաղտնիք չէ, որ աճը հիմնականում ձեռք է բերվել շինարարության հաշվին: Ամբողջ խնդիրը կայանում է հետևյալում, թե արդյոք իմաստ ունե՞ր ամբողջ տնտեսությունը կառուցել մոնո ճյուղի վրա: Այս է խնդիրը, և եթե մենք 10 տարվա տվյալները նորից ուսումնասիրելու լինենք և այդ աճի մեջ փնտրենք շինարարության բաժինը, կտեսնենք, որ ամբողջ աճի 76 տոկոսը բաժին է ընկել շինարարությանը»:

«Իսկ ո՞ւմ հաշվին է եղել այդ շինարարությունը: Եթե դուք նայելու լինեք նորից թվերը, թե շինարարության իրականացման աղբյուրները որոնք են, կտեսնեք, որ բնակչության 76 տոկոսի միջոցներով է շինարարությունը առաջ գնացել, այսինքն՝ եթե քաղաքացին իր համար բնակարան է կառուցում կամ ավելացնում է իր բնակարանի որոշակի հատվածը, դա չպետք է մենք վերագրենք նախագահին», - ասաց Աշոտ Մարկոսյանը:

Մյուս ամենակարևոր հանգամանքներից մեկը, ըստ տնտեսագետի, տրանսֆերտներն են: «Ըստ էության, Կենտրոնական բանկը 2004 թվականից պարբերաբար հրապարակում է, 2004 թվականի թիվը՝ զուտ ներհոսքը 226 միլիոն դոլար է եղել, իսկ 2008-ին այդ թիվը մոտավորապես չորս անգամ ավելացել է: Եթե այս թվերը համեմատում ենք բյուջեի եկամուտների հետ, մոտավորապես բյուջեի 50-60 տոկոսը ստացվում է տրանսֆերտներ: Սա նույնպես չպետք է վերագրել մեր սիրելի նախագահին, որովհետև դրանք մեր հայրենակիցներն են, որոնք հայրենիքը թողել, արտագաղթել են», - շեշտեց տնտեսագետը:

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի սեպտեմբերի 9-ի հաղորդումը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG