Մատչելիության հղումներ

Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է «բոլոր խնդիրները»


Լուսանկարը՝ Կրեմլի պաշտոնական կայքէջից
Լուսանկարը՝ Կրեմլի պաշտոնական կայքէջից

«Ես կարծում եմ, որ մեր հիմնական խնդիրն է բացել այն ամբողջ ներուժը, որ առկա է մեր հարաբերություններում», - այսօր Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Անշուշտ, մենք ունենք փայլուն հարաբերություններ: Սակայն կարծում եմ, որ պետք չէ կանգ առնել։ Հատկապես մեծ է մեր ներուժը քաղաքական, տնտեսական և ռազմատեխնիկական հարաբերությունների ոլորտներում», - ընդգծել է Փաշինյանը:

Մոսկվայում այսօր կայացել է Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը, սա Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի երրորդ հանդիպումն է։

Պուտինի հետ հանդիպումը սկսելիս Փաշինյանը հույս է հայտնել նաև, որ երկու երկրների հարաբերությունները կկառուցվեն ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի հիման վրա, և սա Հայաստանի վարչապետի այն հայտարարությունն է, որ հիմնականում առանձնացրել են ռուսական լրատվամիջոցները։

Փաշինյանի խոսքով՝ Մոսկվայի և Երևանի միջև այսօր առկա են որոշ խնդիրներ, սակայն Հայաստանի վարչապետը նաև հույս է հայտնել, որ այսօրվա բանակցությունների արդյունքում այդ խնդիրների մեծ մասը կկարգավորվի։ Նրա խոսքով՝ չնայած երկու երկրների լրատվամիջոցներում հոռետեսական հրապարակումներին, փոխգործակցությունը զարգանում է «դինամիկ»:

Ռուսաստանի նախագահը, իր հերթին, հայտարարել է, որ պատրաստ է քննարկել բոլոր հարցերը, ընդգծել է, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են, որ Ռուսաստանի ներդրումները Հայաստանի տնտեսությունում ամենամեծն են, որ Ռուսաստանը Հայաստանին գազը վաճառում է էժան գնով՝ հազար խորանարդ մետրի դիմաց 150 դոլարով։

Իհարկե, հանդիպման մեծ մասն անցել է առանց լրագրողների, և այդ փակ հատվածում հավանաբար բարձրացվել են բոլոր այն հարցերը, որ տարաձայնությունների պատճառ են դարձել:

Բանակցություններից հետո Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է․ - «Հենց նոր ավարտվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իմ հանդիպումը: Արդյունավետ զրույց ունեցանք, որի արդյունքներով կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են: Մեր հարաբերություններում չկա ոչ մի պրոբլեմ, ոչ մի ուղղությամբ»:

Ավելի ուշ Մոսկվայի հայ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետը պատմեց, որ Ռուսաստանի նախագահի հետ քննարկել են բոլոր հարցերը, և հայտարարեց, որ հայ-ռուսական հարաբերություններում այսօր խնդիրներ չկան:

«Ես պատմեցի Պուտինին, որ կան խոսակցություններ, թե Ռուսաստանի իշխանությունները գործարարներին թույլ չեն տալիս ներդրումներ կատարել Հայաստանում: Պուտինը ծիծաղեց և ասաց, որ նման բան չկա», - մասնավորապես փոխանցեց վարչապետը:

«Մեր երկրները հենվում են մեկը մյուսի շահերը հարգելու և մեկը մյուսի գործերին չմիջամտելու հիման վրա», - ասաց Փաշինյանը հայ գործարարների հետ հանդիպմանը։

«Հայ-ռուսական հարաբերություններն այսօր ավելի լավ են, քան երբևէ եղել են», - շեշտեց Հայաստանի վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG