«Եթե Հովիկ Աբրահամյանը «Մարտի 1»-ի հետ կապ ունի, ոնց որ ասեցի՝ Ծառուկյանին թող գնդակահարեն հրապարակում, նույնն էլ՝ Աբրահամյանը պատրաստ է, որ հրապարակում իրեն գնդակահարեն», - ուրբաթ օրը հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) և «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին՝ «եթե պարզվի, որ Հովիկ Աբրահամյանը իսկապես կապ է ունեցել «Մարտի 1»-ի հետ, Ձեր վերաբերմունքը ինչպիսի՞ն կլինի»:
ԲՀԿ առաջնորդը օրեր առաջ հայտարարել էր․ - «Եթե Ծառուկյանը կապ ունենա «Մարտի 1»-ի հետ, թող Ծառուկյանին մասսայական հրապարակում գնդակահարեն»:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ Քրեական օրենսգրքում գնդակահարության հոդված չկա, Ծառուկյանը արձագանքեց․ - «Կմտցնենք էդ հոդվածը»:
«Ես ասում եմ՝ մարդկանց շանտաժի ենթարկելը, նորից եմ ասում, չի կարելի, հիմա որ դուք տարածում եք, եթե վաղը․․․ », - հայտարարեց «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը, «Ազատության» դիտարկմանն էլ՝ «մենք չենք՝ Քննչական կոմիտեն, իրավապահները», հակադարձելով․ - «Ասել է՝ զենքերը ստուգում են, հիմա՝ երբ կստուգեն, պատասխանը կստանաք, այն ժամանակ էլ [կխոսենք]»:
Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ խորհրդարանի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանը, «Ազատության» հարցին ի պատասխան պնդեց, որ տարածքը, որտեղ իրավապահները զենք և զինամթերք են հայտնաբերել, «Հովիկ Աբրահամյանին չի պատկանում»:
Լրագրողների հիշեցմանը, որ պաշտոնապես այդպես է ասվում, նա արձագանքեց․ - «Սխալ են ասում»:
«Ազատության» հարցին՝ «Դուք հերքո՞ւմ եք նրա առնչությունը որևէ կերպ «Մարտի 1»-ին», Արգամ Աբրահամյանը պատասխանեց․ - «Այո, այո»:
Մեկ ամիս առաջ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդեց, որ 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի շրջանակում Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացած տվյալների հիման վրա խուզարկություն է իրականացվել «Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված` ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում», որտեղ հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք և ռազմամթերք: Ամբիկ Գևորգյանն ու Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը ձերբակալվեցին, ապա վերջինս կալանավորվեց՝ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու մեղադրանքով:
2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին: