Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հաղթանակով սկսեց ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարը՝ հինգշաբթի երեկոյան Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում 2:1 հաշվով առավելության հասնելով Լիխտենշտեյնի թիմի նկատմամբ:
Խաղի հաշիվը 30-րդ րոպեին բացեց Մարկոս Պիզելին, երկու րոպե անց Սանդրո Վոլֆինգերը հավասարեցրեց այն, 76-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանը խփեց հաղթական գնդակը:
Հանդիպումն անցավ դաշտի տերերի բացահայտ առավելությամբ, գերազանց խաղով աչքի ընկավ հյուրերի դարպասապահ Բենջամին Բյուխելը, ով քանիցս իր թիմին փրկեց անխուսափելի թվացող գոլից, այդ թվում՝ 69-րդ րոպեին ետ մղեց Հայաստանի թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի իրացրած 11-մետրանոցը:
74-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստանալով խաղադաշտից հեռացվեց Լիխտենշտեյնի հավաքականի ավագ Միքելե Պոլվերինոն:
Սա նաև պաշտոնական մրցաշարում Հայաստանի առաջին հաղթանակն է Վարդան Մինասյանի՝ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը մոտ հինգ տարվա ընդմիջումից հետո վերստին ստանձնելուց հետո:
Ազգերի լիգայի մրցաշարը ՈւԵՖԱ-ն առաջին անգամ է անցկացնում: Կազմակերպությանն անդամակցող բոլոր 55 երկրների հավաքականները հանդես են գալիս չորս լիգաներում` չորսական խմբերում: A լիգայում ընդգրկված են Եվրոպայի 12 ուժեղագույն հավաքականները, որոնցից մեկն էլ կդառնա մրցաշարի հաղթողը: Մյուս լիգաների խմբերի հաղթողներն իրավունք կստանան հաջորդ մրցաշարում հանդես գալ ավելի բարձր լիգայում:
Հայաստանն ընդգրկված է վերջին՝ D լիգայում, 4-րդ խմբում: Երկրորդ տուրում առաջիկա կիրակի օրը Հայաստանը կհյուընկալվի Մակեդոնիային: Խմբում ընդգրկված է նաև Ջիբրալթարի հավաքականը:
Մրցաշարի եզրափակիչ հանդիպումը կկայանա 2019 թվականի հունիսին: