Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն պատրաստ է անդամություն տալ Մակեդոնիային


Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Սկոպյե, 5 սեպտեմբերի, 2018թ.
Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Սկոպյե, 5 սեպտեմբերի, 2018թ.

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստ է ողջունել Մակեդոնիային որպես իր 30-րդ անդամի: Դա հնարավոր կլինի այն բանից հետո, երբ Մակեդոնիան վերջնականապես կհամաձայնեցնի երկրի անվան շուրջ խնդիրը Հունաստանի հետ:

Ստոլտենբերգն այցելել է Սկոպյե՝ իր աջակցությունը հայտնելու այդ երկրի բնակիչներին այն հատվածին, որը սեպտեմբերի 30-ին նախատեսված հանրաքվեին ցանկանում է հավանություն տալ պետության անունը փոխելու կառավարության նախագծին:

«ՆԱՏՕ-ի դռները բաց են, սակայն միայն այս երկրի ժողովուրդը կարող է որոշել ներս մտնել, ուստի, ձեր ապագան ձեր ձեռքում է, մենք սպասում ենք ձեզ ՆԱՏՕ-ում»,- այսօր ասել է Ստոլտենբերգը:

Հունիսի 17-ին Մակեդոնիայի և Հունաստանի արտգործնախարարները ստորագրել են համաձայնագիր, որով պետք է կարգավորվի Սկոպյեի և Աթենքի միջև 27 տարի տևող վեճը:

Երկու երկրներում էլ կան քաղաքական շրջանակներ, որոնք պնդում են, որ համաձայնությունն անընդունելի է:

Աթենքը պահանջում է փոխել Մակեդոնիայի անունը, քանի որ Հունաստանում կա նույնանուն շրջան:

Այսօր Մակեդոնիայի պաշտոնական անունն է «Նախկին Հարավսլավիայի դաշնության Մակեդոնիայի հանրապետություն»:

Աթենքի և Սկոպյեի համաձայնագրով երկրի նոր անունը կլինի «Հյուսիսային Մակեդոնիայի հանրապետություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG