Մատչելիության հղումներ

Օսիպյանը «Մարտի 1»-ի նոր գործով հարցաքննության չի հրավիրվել


Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը «Մարտի 1»-ի նոր գործով հարցաքննության չի հրավիրվել։ Այդ մասին նա հայտնեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։

«Ազատության» հարցին ի պատասխան ոստիկանապետն ասաց, որ 2008 թվականի մարտի 1-ին հերթապահել է Ազատության հրապարակում։ «Այո՛, եղել եմ մի քանի հարյուրավոր ոստիկանների պես», - նշեց Օսիպյանը։

«Ազատություն». - Նստարանների տակ տեսե՞լ եք ցուցարարների թաքցրած զենք։

Օսիպյան. - Զենք-զինամթերք չեմ տեսել, բայց փայտեր բոլորս էլ տեսել ենք։

«Ազատություն». - Այդ օրը առավոտյան ցուցարարներից դիմադրություն տեսե՞լ եք։

Օսիպյան. - Այսպես պատասխանեմ՝ հիմա կառավարության դեմը բազմաթիվ քաղաքացիներ կան, ակցիա են իրականացնում, պայմանական ընդունենք, որ հարակից Տիգրան Մեծը փակել են, ոստիկանները մոտենան, պահանջեն փողոցը բացել, բնականաբար, հրաժարվեն՝ ավտոմատ քաշքշուկ է ստեղծվելու, դիտվելու է որպես քաշքշուկ, թեպետ ոստիկանությունն օրինական գործողություն է իրականացնում, և չի բացառվում, որ օրենքով նախատեսված կարգով կարող է ֆիզիկական ուժ կիրառվել, դա պետք է որպես դիմադրությո՞ւն դիտվի։

«Ազատություն». - Դուք կարո՞ղ եք ասել, որ այդ օրը հրապարակ էիք մտել, որովհետև օպերատիվ տվյալներ կային, որ թաքցված նյութեր կան։

Օսիպյան. - Ես չեմ կարող դա ասել, քանի որ չեմ տիրապետել այդ պահին, թե ինչ է տեղի ունենում։

Իսկ թե ո՞վ է հրաման տվել մարտի 1-ի առավոտյան ժողովրդին բռնի ուժով հեռացնել հրապարակից, Օսիպյանը խորհուրդ տվեց հարցնել այդ օրերի ոստիկանության վերադասին։ «Վերադասին հարցրեք՝ այն անձանց, ովքեր այդ օրը վերադաս են համարվել, ես ընդամենը հասարակական կարգ եմ ապահովել», - ասաց նա։

Օրերս Հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց «Մարտի 1»-ի գործով նոր աղմկահարույց բացահայտումների մասին․ խոսքը, մասնավորապես, արյունալի իրադարձությունների առանցքային դրվագներից մեկի՝ Ազատության հրապարակից ցուցարարներին ցրելու օրինականությանն է վերաբերում։

Հատուկ քննչական ծառայությունը պնդում է, որ այն ժամանակվա ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներն Ազատության հրապարակում գիշերող ցուցարարներին բռնի ուժով հեռացնելու հակաօրինական գործողությունների համար փաստաթղթեր են կեղծել՝ հայտնելով, թե իբր հրապարակում զենքի ու պայթուցիկ նյութերի առկայության մասին ահազանգեր են ստացել: Հարուցվել է քրեական գործ, անուններ առայժմ չեն նշվում։

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG