Երեք տարվա ընդմիջումից հետո Վանի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 9-ին` կիրակի օրը, պատարագ կմատուցվի:
Այս առիթով Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը «Անադոլու» գործակալության հետ հարցազրույցում խոսել է պատարագի նախապատրաստական աշխատանքների մասին՝ գոհունակությամբ արտահայտվելով թուրքական իշխանությունների հասցեին: Նա նշել է, որ Աղթամար կղզին յուրահատուկ է դարձնում հայերի համար պատմական նշանակություն ունեցող Սուրբ Խաչ եկեղեցին, որը շուրջ 1000 տարի պահպանում է իր գոյությունը:
«Իհարկե, չենք ակնկալում, որ 2011 թվականի պես 7000 հոգի կմասնակցի պատարագին, բայց թեկուզ 2-3 հազար մարդ էլ գա, մեծ թիվ կլինի: Ինչքան տեղյակ ենք, Վանում արդեն ակտիվություն է նկատվում, հյուրանոցներում ազատ տեղեր գրեթե չեն մնացել, նշանակում է բավական շատ մարդ է գալու», - պատմել է Աթեշյանը՝ նշելով, որ գալիք կիրակի կայանալիք պատարագին մասնակցելու են մշակույթի և զբոսաշրջության նախարարության պաշտոնյաներ, հայ համայնքի անդամներ, այցելուներ են սպասվում նաև Հայաստանից:
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը 2005 թվականին ձեռնարկել էր Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնման աշխատանքները: Մոտ երկու տարի տևած վերակառուցման նախագծի համար շուրջ 4 մլն լիրա էր ծախսվել:
2010-ից ի վեր ամեն տարվա սեպտեմբերին՝ Խաչվերացի տոնին հաջորդող կամ նախորդող կիրակի օրը, եկեղեցում պատարագ է մատուցվում: Սակայն վերջին երեք տարվա ընթացքում շրջանում քուրդ զինյալների և թուրքական զինուժի միջև պարբերական բախումների հետևանքով պատարագ չի անցկացվել:
Աթեշյանը, որը մշտապես լավ հարաբերություններ է պահպանում թուրքական իշխանությունների հետ, թուրքական լրատվամիջոցի հետ զրույցում հերթական անգամ խոսել է ներկայիս իշխանությունների օրոք հայ համայնքի համար տեղի ունեցած դրական փոփոխությունների մասին:
«Մինչև 2002 թվականը՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության գալը, Թուրքիայում շատ տաբուներ կային, որոնք վշտացնում էին փոքրամասնություններին: Սակայն նոր իշխանության օրոք այդ տաբուները կոտրվեցին՝ սկսեցին մասամբ վերադարձվել փոքրամասնություններին պատկանող համայնքային գույքը, դյուրացվեց կրոնափոխության գործընթացը, եկեղեցիները վերանորոգվում են, որոշ համայնքների նույնիսկ նոր եկեղեցի կառուցելու թույլտվություն է տրվել: Շատ խնդիրներ լուծում ստացան և զգացինք մեր գոյությունը այս երկրում», - ասել է Աթեշյանը՝ հավելելով․ - «Թուրքիան փոխվում է, էլ նախկինը չէ»:
Ու մինչ Թուրքիան վերջին տարիներին անընդհատ քննադատության է արժանանում Արևմուտքի և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից՝ մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար՝ Աթեշյանը շեշտել է․ - «Ուժեղ և փոքրամասնությունների իրավունքները հաշվի առնող պետություն, կառավարություն ունենք և երջանիկ ենք»:
Պատրիարքական փոխանորդի համոզմամբ՝ ինչպես յուրաքանչյուր երկրում, Թուրքիայում էլ դեռ շատ խնդիրներ կան, բայց հավատում են, որ ժամանակի ընթացքում դրանք կլուծվեն:
Ի դեպ, անցած շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով Անկարայում հաղթանակի տոնին նվիրված պաշտոնական ընդունելությանը մասնակցած արքեպիսկոպոս Աթեշյանը այսօր նորից է մեկնել Թուրքիայի մայրաքաղաք: «Ժամանակ» թերթի փոխանցմամբ, Արամ Աթեշյանը հանդիպելու է Թուրքիայի բնապահպանության և քաղաքաշինության նախարար Մուրադ Քուրումի հետ՝ քննարկելու համար թուրք-քրդական բախումների արդյունքում մեծապես տուժած Դիրարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու վերականգնման հարցը: