Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ն հետաքննելու է նախկին ոստիկանապետի ընտանիքին պատկանող առանձնատան ձեռք բերման հանգամանքները


Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան, արխիվ:
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան, արխիվ:

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան վերաբերյալ հրապարակման հիման վրա Հատուկ Քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել:

Hetq.am-ի հրապարակման համաձայն, Երևանի Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ տեղակայված առանձնատունը, որի շուկայական արժեքը ավելի քան երեք միլիոն դոլար է, և որը գրավադրված էր Ամերիաբանկում 1 միլիոն 800 դոլար լիկվիդացիոն արժեքով, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ձեռք է բերել մոտ 200 հազար դոլարով՝ զանազան գործարքների և սխեմաների արդյունքում:

Լրագրողական հետաքննության հեղինակ Տիրայր Մուրադյանն ասում է, որ օգոստոսին ուսումնասիրել է Փափազյան փողոցում գտնվող առանձնատան խճճված պատմությունը, որը 2012-2015 թվականների ընթացքում 6 սեփականատեր է փոխել, որոնցից երեքը կապ ունեն Վլադիմիր Գասպարյանի հետ: Գործարքների արդյունքում առանձնատունը ձեռք է բերել Վլադիմիր Գասպարյանի կնոջ ազգականն ու առանձնատունն իր անունով դարձնելուց հետո այն նվիրել Վլադիմիր Գասպարյանի անչափահաս որդուն:

«Մոտ մեկ ամիս ենք ժամանակ հատկացրել, այդ ընթացքում զրուցել ենք հնարավոր բոլոր կողմերի հետ: Պատրաստ ենք եղել զրուցել նաև նախկին ոստիկանապետի հետ, ցավոք, չկայացավ նախնական պայմանավորվածությունը: Խնդիրը հետևյալն էր, որ Երևանի քաղաքի Փափազյան փողոցում գտնվող առանձնատունը ունեցել է նախկինում տարբեր սեփականատերեր: 2013-ից հետո մի սեփականատեր է ունեցել Դանիելյան Աղասի անուն-ազգանունով, որից տունը գնելու ցանկություն է հայտնել Վլադիմիր Գասպարյանը: Բայց, Աղասի Դանիելյանի խոսքով, առանձնատան ձեռք բերման պրոցեսում բանակցություններ են վարել տարբեր մարդիկ Վլադիմիր Գասպարյանի անունից: Հետո արդյունքում նա պնդել է, որ իրեն չեն վճարել խոստացված գումարը և բանկում գրավադրված տունը աճուրդային վաճառքով, շատ էժան գնով՝ մոտ 200 հազար դոլարով, ձեռք է բերել Վլադիմիր Գասպարյանի կնոջ ազգականը, հետագայում նվիրել է Վլադիմիր Գասպարյանի որդուն: Մենք այս հետաքննությամբ ներկայացրել ենք այդ առանձնատան ձեռք բերման հնարավոր բոլոր գործարքները և ցույց ենք տվել այն սխեման, որով ձեռք է բերվել առանձնատունը»:

Քրեական գործը հարուցվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ, կատարվում է նախաքննություն:

Վլադիմիր Գասպարյանի հետ այսօր կապ հաստատել չհաջողվեց․ հեռախոսազանգին պատասխանած տղամարդն ասաց, թե նախկին ոստիկանապետը քաղաքում չէ:

Նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ դեռևս իրենց էլ շատ բան հայտնի չէ, պարոն Գասպարյանը հարցաքննության չի հրավիրվել․ - «Ավել ինֆորմացիա, քան էն, ինչ որ հրապարակել է Հատուկ քննչական ծառայությունը, մենք չունենք: Ինչ վերաբերում է առհասարակ այդ հարցին, ասեմ, որ դա ծիծաղելի է, նման բան տեղի չի ունեցել: Ինչ-որ մարդիկ իրար մեջ էդ հարցերն են մաքրում՝ փորձելով անտեղի շահարկել պարոն Գասպարյանի անունը»:


Փափազյան փողոցում գտնվող մոտ 3000 քառակուսի մետր հողը՝ հսկայական շքեղ առանձնատնով, 2012-ին պատկանել է գործարար Ալբերտ Երիցյանին, ապա նա վաճառել է այդ տունը Աղասի Դանիելյանին, ով բանկից 1 մլն 600 հազար դոլար է վերցրել տան գինը վճարելու համար:

Ապա, արդեն ըստ Աղասի Դանիելյանի, այդ առանձնատունը իրենից ցանկացել է գնել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, իր հետ տարբեր մարդիկ են բանակցություններ վարել, ի վերջո ստորագրվել է պայմանագիրը, սակայն խոստացված 900 մլն դրամ գումարն իրեն չի վճարվել:

«Ազատության» հետ զրույցում նա ասում է, որ բացի այն, որ զրկվել է տնից, բանկը նաև կալանք է դրել իր միջոցների վրա․ - «Շատ վատ, ահավոր վիճակում եմ 4-5 տարի»:

Հարցին, թե արդյոք փորձել է կապ հաստատել Վլադիմիր Գասպարյանի, նրա անունից իր հետ բանակցած անձան հետ, Դանիելյանը պատասխանեց․ - «Իհարկե․․․ Իշխանությունն իրանց ձեռն էր, սկզբից խոստանում էին, որ էսօր-վաղը ամեն ինչը կլուծվի շատ կարճ ժամանակում, հետո՝ մենք արդեն առել ենք, մենք պրոբլեմ չունենք»:

Աղասի Դանիելյանը նախկինում էլ դիմել է իրավապահներին, դատարան, անգամ նամակներ է գրել իշխանություններին, սակայն ապարդյուն: Այժմ հույս ունի, որ հարուցված քրեական գործը արդյունք կտա․ - «Ես պատրաստվում էի դիմել միջազգային դատարաններ, բայց քանի արդեն քրեական գործ է հարուցված, հույս ունեմ, որ Հայաստանում բոլոր հարցերը կլուծվի: Վերջին հաշվով, արդարությունը պետք է մի օր հաղթի: Ես դիմել էի, որպեսզի քրեական գործ հարուցվեր նախորդ իշխանությունների օրոք, որը նույնպես մերժվել էր: Հիմա շատ ուրախ եմ, որ քրեական գործ է հարուցվել: Վերջապես կպարզվի, թե ովքեր են մեղավորները այս ամբողջ պատմության, և իրենք կկրենք արժանի պատիժը, ես էլ դուրս կգամ իմ այս ծանր վիճակից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG